Սուքերեան սրահը Նայիրի միութեանը չի պատկանում

 
«Աշխարհատեսների հայկական կենտոն»-ի պատասխանը Նայիրի միութեան նախագահին` Սուքերեան սրահի տնօրինման հարցերի շուրջ
 
Ներքոյ նամակը ուղղւած է «Ալիք» օրաթերթին` այդ թերթի յուլիսի 4-ի համարում տպագրւած մի հարցազրոյցում Մաջիդիէ թաղամասի Սուքերեան սրահի օգտագործման վերաբերեալ ծագած մի շարք հարցերի  շուրջ: Նամակի պատճէնը «Աշխարհատեսների հայկական կենտոն»-ի միջոցով տրամադրւել է նաեւ մեզ: Քանի որ ազգային միջոցների ու հնարաւորութիւնների օգտագործումը բոլոր միութիւնների կողմից կարեւոր եւ խնդրայարոյց հարց է եղել մեզ մօտ, տպագրում ենք այդ նամակը եւ դրա կողքին նաեւ Նայիրի միութեան նախագահի հետ հարցազրոյցի այն մասը, որ «Աշխարհատեսների միութեան» վարչութեանը մղել է գրել այս պատասխան-նամակը:
 
Յարգելի Ալիք օրաթերթի  խմբագրական կազմ
Այսու Աշխարհատեսների հայկական կենտրոնի վարչութիւնը խնդրում է, ըստ երկրի հրատարակչական օրէնքի, ի պատասխան համար 127, հինգշաբթի 4 յուլիս 2013-ին Ալիք օրաթերթում տպւած յօդւածի էջ 5-6 «Հարցազրոյց Հ.Մ. Նայիրի միութեան վարչութեան նախագահ…» խորագրով այս կենտրոնի բացատրութիւնը տպել մեր համայնքի ուշադրութեան եւ լուսաբանման նպատակով:
 
1- Նախ հարկ է նշել, որ «Սուքերեան ազգային սրահը» ոչ մի պատկանելիութիւն չի ունեցել «Հ.Մ.Նայիրի»միութեանը, եւ թաղի ժողովրդին է պատկանում, ինչպէս որ 1979-80-ական թւականներին այն կառուցւեց որպէս «Հայ տուն», ներկայումս «Սուքերեան սրահը, որը տնօրինում էր Ազգային Առաջնորդարանի միջոցով եւ նպատակադրւած էր սրահը օգտագործել ի շահ թաղի բնակիչների` ազգային հասարակական եւ մշակութային պահանջների համար:
 
2-Սոյն յօդւածի նախավերջին հարցի պատասխանը այսպէս է…«Ու հետաքրքիրն այն է, որ որոշ միութիւնների մօտ դժբախտաբար,  Պրն. Քեշիշեանը յատկանշական կերպով շեշտում է«….Փոխհասկացողութիւն գոյութիւն չունի…նամակ են գրում` մենք այս ինչ օրը սրահը ուզում ենք: Ասում ենք օրինակ, այս ինչ օրը` որ դուք նշում էք, արդէն նախապէս տրամադրւել է քառասունքի կամ հոգեհացի համար, երբ չի ստացւում, իրենց մի այլ օր ենք առաջարկում, շտապում են Թեմական խորհրդի մօտ թէ` «Նայիրի» միութիւնը մեզ սրահ չի տրամադրում…»
Եթէ Նայիրի միութեան նախագահի նկատողութիւնը Աշխարհատեսների հայկական կենտրոնի նկատմամբ է, պէտք է նշել, որ կենտրոնը արդէն շուրջ 9 տարի է, որ թաղում աշխատում է եւ շուտով տօնելու է 10-ամեակը:
Նաեւ կենտրոնը տարին 2-3 անգամ գրաւոր դիմել է Նայիրի միութեան վարչութեանը եւ խնդրել սրահը տրամադրել կենտրոնին եւ դա կատարւել է մէկ-երկու ամիս նախքան առաջարկւած թւականները եւ մշտապէս եղել է ազգային-կրօնական տօների առիթով եւ առաջարկւել է 2 կամ 3 թւեր եւ օրեր եւ բանաւոր խորհրդակցութիւնների արդիւնքում, եթէ երկու կողմերը համաձայնւել են, կենտրոնը պահանջւած գումարը վճարել է սրահը 3-4 ժամով զբաղեցնելու համար:
Ուստի 2011 թւականից, երբ նորընտիր Թեմական խորհուրդը  փորձում էր մեր թաղի համայնքին մի կերպ համոզել, թէ ինչո՞ւ ենք «Նայիրի» միութեանը խտրականօրէն մեծ գումարներով նիւթապէս օժանդակում եւ հիմնօրհնէք կազմակերպում ու շէնքի հիմնօրհնէքի  օրը նաեւ նրանից առաջ անգամներ օրաթերթում հարցազրոյցների միջոցով  արտայայտւում թէ` այս շէնքը կառուցւում է, որ ծառայի թաղի բոլոր միութիւններին եւ թաղի բնակչութեանը, շեշտելով, որ թաղի միութիւնները, որոնք սրահի դժւարութիւն ունեն նաեւ կարող են օգտւել թաղի սրահից:
Այն ինչ, նախկինում կատարւում էր նորմալ գրաւոր դիմում եւ վճարում. նոյնը շարունակւեց եւ աւելի բարդ ընթացքով: Կենտրոնի վարչութիւնից պահանջւեց իր տարեկան ծրագրերի շարանը գրաւոր յանձնի Նայիրի միութեանը եւ Թեմական խորհրդին, որպէսզի ծրագրերը չխաչաձեււեն, եւ այդ տարի կենտրոնի բոլոր ջանքերը զուր անցան եւ ոչ մի առիթով սրահը չտրամադրւեց կենտրոնին ու նրա առաջարկւած տարբեր թւականները չընդունւեց Նայիրի միութեան կողմից ամէն օրւայ պարի փորձերի եւ նման աշխատանքների պատռւակով:
Պրն Քեշիշեան, մենք նամակ ենք գրում Նայիրի միութիւն մեր ձեռնարկներից նւազագոյնը մէկ ամիս առաջ, բայց թաղի մարդիկ հոգեճաշի համար, սրահը ապահովելու նպատակով Ձեզ դիմում են ընդամէնը 2 օր առաջ, իսկ Սուքերեան սրահը քառասունքների համար միայն տրւում է կիրակի եւ ուրբաթ ճաշերին եկեղեցական պատարագից յետոյ: Այ հէնց դրա համար էլ «փոխհասկացողութիւն» գոյութիւն չունի, նկատի առնելով, որ այս անցնող 9 տարիների ընթացքում կենտրոնը «Սրահը» երբէք ուրբաթ եւ կիրակի օրերին չի պահանջել  իր ձեռնարկների համար:
Պարզւում է, որ Նայիրի միութեան նախագահը իր խօսքերում շփոթել է խնդիրները:
Հարց է առաջանում` արդեօք՞ կարելի է որեւէ միութեան առաջարկել Նոր տարւայ խնջոյքը տօնել փետրւար ամսւան, կամ Զատկական տօները նշել մէկ ամիս անց ու Մայրերի օրը տօնել 10-15 օր ուշացումով. դա որ՞ միութենականին կը հետաքրքրի:
Սիրելի բարեկամ, եղբայր, ընկեր, պարզէք, թէ՞ ինչն է անըմբռնելի եւ ու՞մ համար: Ձեր միութեան արխիւը ստուգէք եւ խոստովանէք, որ կենտրոնը վարւել է այնպէս, ինչպէս կարգն է պահանջել եւ շատ անգամ փոխհասկացութեամբ եւ համագործակցութեամբ երկկողմանի համաձայնութիւն  է կայացել, իսկ վերջերս անգամներ կենտրոնը հանդիպել է արգելքի, թէ՝ «Նայիրի միութիւնը այս օրերին զբաղւած է եւ բոլոր երեկոները պարի փորձ ունենք եւ այլն…»
Եւ սա է այն դառն իրականութիւնը, որ ներկայումս տիրում է. սահմանափակ հնարաւորութիւններ թաղում, խտրականութիւններ եւ խախտումներ` քաղաքակիրթ միութիւնների համագործակցութեան, փոխհասկացութեան եւ միասնականութեան ոգին ներշնչելու փոխարէն, որոնք հնարաւոր միջոցներ են համերաշխ եւ առողջ կերպով ծառայելու մեր համայնքին:
Թոյլ տւէք մեր համայնքի պարզ եւ անկողմնակալ մարդիկ անդրադառնան անցուդարձերին եւ նման վիրաւորական ու սխալ արտայայտութիւններին:
 
Աշխ. Հայկ. Կենտրոնի
Վարչութիւն
Նախագահ
Վ. Խանբաբայեան
 
 
 
Հարցազրոյց՝ Հ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանի հետ (հատւած)
 
Հ.- Այսօր արդեօք որքանո՞վ է ծանրաբեռնւած «Սուքերեան» սրահը:
Պ.- Հարցը հետեւեալն է. մենք ունենք այժմ մի փոքրիկ սրահ՝ «Սուքերեան» սրահը, որը առաւօտւայ 8-ից մինչեւ գիշերւայ 11-ն զբաղւած է: Կանանց մարմնամարզութեամբ սկսւում է առօրեան, սկէյտի դասարաններ, յետոյ՝ պարախմբեր, դրա կողքին՝ մեր Սկաուտական բաժանմունքներն են, Արւեստից բաժանմունքը, ասմունքի. երեւակայէք, որ այս ամենի կողքին՝ շաբաթական մէկ-երկու հոգի էլ գալիս են, հանգուցեալ ունեն, հոգեհաց են ցանկանում տալ, ուրբաթ օրերին քառասունք, եւ քաղաքամասի բոլոր դպրոցները ցանկանում են իրենց տարեվերջի եւ բոլոր միջոցառումները այստեղ կայանան եւ նման շատ ու շատ ծրագրեր: Ու հետաքրքիրն այն է, որ որոշ միութիւնների մօտ, դժբախտաբար, խնդրում եմ՝ սա յատկանշական կերպով շեշտւի, փոխհասկացողութիւն գոյութիւն չունի, նամակ են գրում՝ մենք այսինչ օրը սրահը ուզում ենք: Ասում ենք, օրինակ, այսինչ օրը, որ դուք նշում էք, արդէն նախապէս տրամադրւել է քառասունքի կամ հոգեհացի համար: Երբ չի ստացւում, իրենց մի այլ օր ենք առաջարկում, շտապում են Թեմական խորհուրդ, թէ «Նայիրի» միութիւնը մեզ սրահ չի տրամադրում եւ անտեսում է: Կանչում ենք մեզ մօտ, ասում՝ յարգելի եղբայր, ընկեր, բարեկամ, այս ցուցակն է, արի մի ազատ օր, որ օրն որ ուզում ես, վերցրու, հակադարձում է՝ չէ, ես էս եմ ուզում եւ վերջ: Եւ այս հարցի առջեւ շատ ենք կանգնել ու կանգնում, դժբախտաբար, հէնց այս վերջին ամիսներում մէկ-երկու անգամ մի նորաստեղծ միութեան միջոցով անընդհատ այս հարցը տարածւում է, որ մեզ սրահ չեն տրամադրում…:
 
 
«Յոյս» թիւ 151
Օգոստոս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *