Ո՞վ է խախտել Մաջիդիէ թաղամասի անդորրը

 
ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Սրանից աւելի քան տաս տարի առաջ, Պատգամաւորական ժողովը վաւերացրել է գնել Մաջիդիէ (Զէյթուն) թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից տարածքները, դրանք միացնել եկեղեցուն եւ ստեղծել նոր յարմարութիւններ թաղի ժողովրդի համար: Այդ որոշման մէջ նկատի էին առնւել նաեւ այդ գործարքի համար հարկաւոր ֆինանսական աղբիւրները: Զանազան, յարգելի եւ անյարգի, պատճառներով այդ տարածքները մինչեւ օրս չեն գնւել: Այդ ընթացքում հարցը բազմիցս արծարծւել է Պատգամաւորական ժողովում եւ Թեմական խորհրդում: Այժմ, վերջին օրերին, քաղաքամասի մի խումբ բնակիչներ ստորագրութիւններ են հաւաքել թաղի բնակիչներից եւ դրանք ներկայացրել Թեմական խորհրդին: Թեմական խորհրդին ներկայացւած նամակի մէջ, որը ստորագրել են թաղի մեծ թւով բնակիչներ, խորհրդից պահանջւում է, որ յարգելով Պատգամաւորական ժողովի որոշումը, խնդրոյ առարկայ տարածքները գնեն:
Թէ ինչու 12 տարի այդ տարածքները չեն գնւել, երկար պատմութիւն ունի, որ յոյս ունենք Պատգամաւորական ժողովը, Թեմական խորհուրդը կամ անհատ պատգամաւորներ դրա մասին տեղեակ կը պահեն ժողովրդին: Սակայն այս յօդւածը այդ մասին չէ: Այդ մասին ոչ մի պաշտօնական արձագանք: Ոչ գիտենք Մաջիդիէյի բնակիչների կողմից ներկայացւած նամակի տեքստի եւ ոչ էլ որեւէ այլ պաշտօնական հակազդեցութեան մասին: Դրա փոխարէն` կազմակերպւած աղմուկ դաշնակցական մամուլում. ձեւերը ծանօթ են` «հեռախօս Ալիքին», մի յօդւած Հայելի կայքում իրանահայ համայնքում «ֆեթնեգար»-ների մասին, Նայիրի միութեան յայտարարութիւնը, որի համաձայն «Զէյթուն քաղաքամասի  մի քանի անդամներ քաղաքամասի բնակչութեան ու համայնքի անդորրն ու միասնականութիւնը վտանգող գործունէութիւն են սկսել» եւ … Մի խօսքով կոչ է արւում թէ.
Այ ժողովուրդ, ինչ էք նստել, մի խումբ «յայտնի» մարդիկ, խառնակիչներ, իբր թէ «անկախներ», ուզում են «խախտեն համայնքի անդորրը», ուզում են եկեղեցին դնել միութիւնների դէմ, ուզում են համայնքի միասնականութիւնը միջից տանել:
Ի՞նչ հիման վրայ են ասւում այս խօսքերը: Արդեօք ստորագրահաւաք կազմակերպելը, Պատգամաւորական ժողովի որոշումների գործադրութիւնը պահանջելը, այն էլ Թեմական խորհրդին դիմելով, որ հէնց օրինական տեղն է նման պահանջ ներկայաց-նելու, խափանարար աշխատա՞նք է:
Այստեղ տարածքների գնման կամ չգնման հարցը երկրորդական է, կարեւորը բարձրացւած աղմուկի ոճն է: Ենթադրենք ստորագրահաւաք կազմակերպող մարդկանց պահանջները սխալ են եւ ոչ բաւարար հիմնաւորւած, նոյնիսկ այդ դէպքում, ինչ անպատեհութիւն ունի նման դիմում: Եթէ պահանջը սխալ է, պիտի բացատրել, թէ ինչու է սխալ, ոչ թէ բղաւել, որ իբր թէ մի խումբ «յայտնի» մարդիկ ուզում են համայնքը երկպառակտել: Այս ոճը չի համապատասխանում բազմակարծութեան, մտքերի փոխանակութեան, տեղեկատւութեան ազատ հոսքի եւ այլնի մասին ասւող խօսքերին: Այս կազմակերպւած գրոհի մէջ նկատւում է մի այսպիսի պատգամ հակառակորդներին. «Թոյլ ենք տւել դուք էլ աշխատէք, բայց էլ երես մի առէք»: Այստեղ նկատւում է մի ձայն, որը յուսով եմ տիրող ձայնը չլինի Դաշնակցութեան մէջ, որ ասես հակառակորդին բարեհաճում են թոյլատրել մասնակցի քաղաքական կեանքին, խօսի, իսկ երբ ուզեն, երբ նա իր չափն անցկացնի, առաջը կառնեն: Ձեւերը` շանտաժ, զրպարտանք, փոշի բարձրացնել, ֆակտերը աղմուկի տակ թաքցնելու համար:
Եթէ խախտւել է Մաջիդիէյի հայութեան անդորրը, դա այսպիսի գործելաոճի արդիւնք է: Ստորագրութիւններ հաւաքելը, Թեմական խորհրդին դիմելը ժողովրդի իրաւունքն է: Այս դիմումներին պիտի պատասխանեն պատասխանատու մարմինները ներկայացնելով ֆակտեր, ոչ թէ բարձրացնել լրատւական աղմուկ ու յետոյ էլ առանց անուններ մէջբերելու անյայտ մադկանց մեղադրել, թէ վտանգաւոր դաւադրութիւն են կազմակերպել եկեղեցու, դպրոցների եւ միութիւնների դէմ:
 
 
«Յոյս» թիւ 151
Օգոստոս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *