Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանը ԵՒ իրանահայերի դերը

 
ԴՈԿՏՈՐ ՎԱՀԻԿ ՌԱԹԵՒՈՍՅԱՆ
 
 
1988 թւականին, երբ սկիզբ առաւ Ղարաբաղի շարժումւը եւ Երեւանում սկսեցին ժողովրդական մեծ հանրահաւաքները, այդ քաղաքում ապրում էին նաեւ մի խումբ իրանահայ ուսանողներ: Այս ուսանողները ակտիւ մասնակցում էին հանրահաւաքներին եւ այսօր մեծ խանդավառութեամբ են յիշում այն օրերը: Նրանցից մէկն էր Վահիկ Ռաթէոսեանը, որը մեր խնդրանքով գրի է առել իր յիշողութիւնները այն օրերից: «Յոյս»-ը սիրով կը հրատարակի  1988-ի շարժմանն ականատես միւս իրանահայերի յուշերը:
 
Ղարաբաղյան շարժումը երկու հազարամյա մեր պատմության ամենացնցող և ամենահիշարժան երևույթներից մեկն է: Շնորհիւ այդ  շարժման, հայ ժողովուրդը կարողացավ երկու հազար տարի շարունակ տրոհվող, բաժան-բաժան դարձող, ծվատվող նրա արդեն  իսկ շատ փոքրիկ քարտեզին ավելացնել 14 հազար քառակուսի կիլոմետր տարածք  հայկական հող, որը մագաղաթյա մատյանի պես իր բոլոր էջերում պահում է հայ ժողովուրդի պատմությունը ամենահին ժամանակներից մինչև հիմա:
Ղարաբաղյան խնդիրն սկսվեց Խորհրդաին Միության կազմավորման հետ միասին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին ու Ադրբեջանի  ԽՍՀ –ն շնորհավորելով հայ աշխատավորների հաղթանակը Հայաստանում հայտարարեց, որ Հայ Ադրբեջանական հողային վեճերը ավարտված են և այսուհետ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը պատկանում են Հայաստանի ԽՍՍՀ-ին. որոշումը հաստատվում է 1920 թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում:
  Որոշումը ողջունվում է Ստալինի կողմից ու 1921 թ. հունիսի 3-ի Կովկասի պլենումի որոշմամբ 1921թ. հունիսի 12-ին Հայաստանի հեղկոմը դեկրետով ազդարարում է, որ «Ադրբեջանական ԽՍՀ հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների փոխադարձ համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայկական Սոցիալիստական Հանրապետության անբաժանելի մասն է»:
Սակայն Նարիմանովը, որը ինքը նույնպես ստորագրել էր վերոհիշյալ հռչակագիրը ,բողոքում է սույն որոշման դեմ և պահանջում հարցը տեղափոխել ՌԿ(բ)Կ կենտկոմ: 1921 թ Հուլիսի 5-ին նորից գումարվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քըվեարկության դնելու, կամայականորեն որոշվում է ԼՂ-ը միացնել Ադրբեջանին: 
Փաստորեն ԼՂ-ի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի կամայական որոշմամբ :
Այս անարդարացի մոտեցման հետևանքով հայերը սկսում են պայքարել ԼՂ-ի խնդրի արդար լուծման հասնելու ու տարբեր առիթներով սկսում են բողոքել և պահանջել արդարություն այդ հարցում: 1931թ .ԼՂԻՄ-ի մարզային իշխանությունները կենտրոնի կողմից դատապարտվում է որպես ազգայնամոլ ու ճնշվում: 1945թ. ԽՀկկ առաջին քարտուղար Գ. Հարությունյանը նամակով դիմել է Ստալինին խնդրելով վերանայել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին հարցը: Վերջինս նույնպես մերժվում է:
1962 թ.  ԼՂԻՄ-ի  300 աշխատավորների կողմից ստորագըրված մի նամակ է ուղղարկվում Մոսկվա,  որտեղ փաստերով խոսվում է մարզի ստրկացման վերաբերյալ և խնդրվում է մարզը վերամիավորել Հայաստանի հետ. նորից խիստ հակազդեցության են ենթարկվում նրանք :
1965 թ. Հունիսին ԼՂԻՄ-ի 13 ղեկավար պաշտոնյաներ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ  նամակ են  ուղղարկում ԽՍՀՄ ղեկավարությանը հաստատելով վերոհիշյալ փաստերը, սակայն այդ նամակի պատճառով բոլորն էլ հեռացվում են աշխատանքից ու մեծամասնությանը աքսորում են Արցախից: 1971թ.Հայաստանից Մարտիրոս Սարյանի, Պ. Սևակի և Գ .Գասպարյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ մտավորականներ նույնպես դիմում են վերոհիշյալ խնդրանքով, այս շարանը երկար է. բոլորն էլ մերժվում են կենտրոնից ,սակայն հայերը ոչ մի անգամ հույսները չեն կորցնում և Արցախը վերադարձնելու մտքից չեն հրաժարվում:
Արցախը վերադարձնելու հույսի մեծ դուռ բացվեց, երբ 1985 թ. Մ.Գորբաչովը ընտրվեց ՍՍՀՄ-ի կենտկոմի նախագահ և նրա առաջարկած վերակառուցում, ժողովրդավարություն և հրապարակայնություն լոզունգները  ԼՂ-ի ժողովրդին հույս ներշնչեցին, որպեսզի Արցախը վերամիավորել Հայստանին: Այդ նպատկի համար էլ 1987 թվին արցախցիները բազմաթիւ պատվիրակություններ ուղղարկեցին Մոսկվա: Այնտեղից սուտ հավաստիացումներ ստանալով խնդրի արդարացի լուծման համար, ոգեւորված խոստումներից ԼՂԻՄ-ի բոլոր գյուղերում և ձեռնարկություններում կոլեկտիւ ժողովներ հրավիրեցին ու որոշումներ կայացրին միանալու Հայաստանին: Դրան զուգահեռ  բոլոր տեղերում բազմամարդ ցույցեր կազմակերպեցին: Մարզային խորհուրդը դիմեց Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանին միանալու համար, սակայն կենտրոնը փոխարեն ընդունի դիմումը և հարցին արդարացի լուծում տա, հայտարարեց, որ նրանք մի խումբ  ծայրահեղականներ և նացիոնալիստներ են և սկսեց  հակազդել հայերին: Այդ տեսնլով, Հայաստանի ժողովուրդը  ի պաշտպանություն Արցախի բողոքի մեծ ալիք սկսեց: 1988 թ. փետրվարի 18-ից բողոքը սկսվեց կանաչների կողմից, ապա գնալով վերածվեց Լ.Ղարաբաղի պաշտպանության և փետրվարի 21-ին արդեն միլիոնից ավելի մարդ էր դուրս եկել փողոց: Փետրվարի 19-ին միտինգին մասնակից ժողովրդի միջից ընտրվեց Ղարաբաղի կոմիտէն, որի կազմի մեջ էին մտնում Իգոր Մուրադյանը(նախագահ) Վաչէ Սարուխանյանը, Համբարձում Գալստյանը, Սամսոն Ղազարյանը, սփյուռքահայ Գևորգ Եզիջյանը (Լիբանան), որը մյուս օրը հրաժարվեց սփյուրքահայ լինելու պատճառով, Աշոտ Մանուչարյանը, միակ կուսակցականը և երկու ղարաբաղցի ուսանողներ՝ Ալեքսանը, ինչպես նաև ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը և Բաբկեն Արարքցյանը: Նրանք պարտավորվեցին համադրել և կազմակեպել ու ղեկավարել շարժումը և լինել կապը ժողովրդի և ղեկավարության միջև: Շարժումը այդ  ուժգնությամբ շարունակվեց մեկ շաբաթ և փետրվարի 26-ին Զորի Բալայանի գլխավորությամբ կայացավ միտինգ և որոշում կայացվեց մեկ ամսով ցույցերին դադար տրվի, և Զորի Բալայանին ու Սիլվա Կապուտիկյանին լիազորեցին, որպեսզի մեկնեն Մոսկվա բանակցելու Մ. Գորբաչովի հետ, հույս ունենալով խնդրին դրական լուծում կտրվի  հօգուտ հայերի: Այդ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ ժողովուրդը հրապարակում էր. լինում էր ժամեր, որ մեկ ու կես միլիոնից ավելի մարդ էր գալիս հրապարկ և ոչ մի անկարգություն կամ հանցագործություն տեղի չեր ունենում: Բոլորը մեկ մարդու պես ենթարկվում էին կոմիտէի  որոշումներին: Այդ  օրերին բեմից ելույթ ունեցան և շարժմանը սատարեցին բազմաթիւ մարդիկ, որոնցից ամենակարեվորն էր ականավոր գիտնական, ֆիզիկոս և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, որ ասաց. «Մենք ֆիզիկոսներս շատ չենք կարողանում խոսել, բայց մի բան գիտեմ, որ Ղարաբաղը մերն է», ու գնաց, կոմիտէի անդամներից  մեկն ասաց.  «Վիկտոր Համազասպվիչ, մեր ձայնը հասցրեք աստղերին»:
Այդ մեկ ամսվա դադարի ժամանակ ոչ մի արտառոց խնդիր չեղավ. մարդիկ սպասում էին բանակցությունների արդյունքին: Մարտի 20-ին սահմաններում հեռուստատեսությամբ ելույթ ոնեցան բանագնացները: Զորի Բալայանը հասկացրեց, որ ժողովըրդին խաբել են, բայց Սիլվան համոզված էր, որ այդպես չէ  և ինչ-որ տեղ նաև վախեցած: Որոշված էր մարտի 26-ին ազատության հրապարակում հավաքվել մեծ միտինգի: Սակայն կենտրոնը հայտարարել էր հավաքվելու դեպքում զորք կիջեցվի ու  մարդկային մեծ աղետ տեղի կունենա:  Ժողովուրդը հակված էր հավաքվելու, սակայն Հայաստանի ժամանակի ղեկավարությունը և մըտավորականները դեմ էին,  քանի որ հարձակման մեծ վտանգ կար: Վերջին օրերին Երևանը դարձել էր զինվորական քաղաք: Ամեն տեղ  ռուսական բանակն էր  տեղակայված. ինքնաթիռները անընդհատ թռչում էին քաղաքի վրայով ու հոգեբանական ճնշում գործադրում ժողովրդի վրա՝ վախի մթնոլորտ ստեղծում. ելնելով այդ վիճակից ու հարձակումից խուսափելու համար  որոշվեց միտինգի փոխարեն շարժման առավել ակտիվիստերին հրավիրել Գրողների միություն և  անցկացնել համագումար ու որոշել հետագա անելիքները: Այդ ժողովում ելույթ ունեցան տարբեր մարդիկ որոնցից էր նաև Պարույր Հայրիկյանը, որը խոսեց ինքնորոշման ճանապարհով հասնել անկախության: Սակայն մեծամասնությունը դեմ էր նրա մոտեցմանը, քանի որ այդ օրերին անկախանալու հարց դրված չէր: Այս ժողովի ժամանակ ի հայտ եկավ շարժման ղեկավարների միջև առաջին հակասությունները: Վաչե Սարուխանյանը դեմ էր  Իգոր Մուրադյանին: Վերջիններիս միջև առաջացավ խիստ բանավեճ, որը վերածվեց ձեռնամարտի: Իգորը խփեց հակառակորդին: Սոս Սարգսյանին ու Զորի Բալայանին հազիւ հաջողվեց փրկել համագումարը տապալվելուց: Վերջում նորից վերընտրվեց կոմիտէի հին կազմը ավելացնելով նաև Վանո Սիրադեղյանին: Կոմիտէի պատվավոր նախագահներ ընտրվեցին Սոս Սարգսյանը,  Զորի Բալայանը և Վիկտոր Համբարձումյանը: Որոշվեց ապագա օրերին հրավիրել մեծ միտինգ ու այնտեղ Իգոր Մուրադյանը առաջարկեց,  որ Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում ու հիմնարկներում և հայրենակցական ու  այլ միություններում ստեղծել տեղական Ղարաբաղի  կոմիտեներ, ու կենտրոնական կոմիտեի որոշումները նրանց միջոցով իրագործել տեղերում, և այսպիսով շարժումն  ստացավ լուրջ կազմակերպության տեսք ու սկսեց իր գործունեությունը ամբողջ Հայաստանում և Արցախում:
Ղարաբաղյան շարժման ըս- կըզբնական շրջանում սփյուռքահայերի ակտիվությունը այնքան էլ աչքի չէր ընկնում.  հենց  առաջին օրվանից  ակտիւ  մասնակցություն են ունեցել լիբանանահայ Գեվորգ Եզիջյանը և իրանահայերից հոդվածագիրս(Վահիկ Ռաթևոսյան), որոնք կային համարյա բոլոր միտինգներին ու ժողովներին. օգնում էին կոմիտեին ինչով, որ կարողանում էին՝ խորհրդատվությունից մինչև տեղեկատվության փոխանցումը արտասահման և այլն: Նրանց  շնորհիւ ստեղծվեց ընդհանուր սփյուռքահայ ուսանողների Ղարաբաղի կոմիտե , իչպես նաև յուրաքանչյուր երկրից եկած ուսանողները ստեղծեցին առանձին Ղարաբաղի կոմիտե: Իրանահայ ուսանողները կյանքի են կոչում երեք հոգուց բաղկացած Ղարաբաղի կոմիտե, դրանք էին՝ Նորիկ Միքայելյանը, Վարդգես Գասպարյանը և Վահիկ Ռաթևոսյանը՝ որպես նախագահ: Այս կոմիտեի գործունեությունը կայանում էր նրանում, որ պարտավորված էր փոխանցել կենտրոնական կոմիտեի որոշումները ուսանողներին և ուսանողների մտահոգությունները փոխանցել վերեւ,  ինչպես նաև ստեղծել էինք մի փոքրիկ թերթ,  որը ամեն օրվա անցուդարձերը իրազեկում էր ուսանողներին: Ընդհանուր սփյուռքահայության Ղարաբաղի կոմիտեի ներկայացուցիչը ես էի: Վերջինիս ամենակարեվոր աշխատանքներից եղավ Սումգայիթից փախստականների համար ուսանողներից  օգնություն հավաքելն ու նրանց հասցնելը:
Իրանահայերի կոմիտեն ի պաշտպանություն Ղարաբաղի կոմիտեի՝ նամակներ գրեց Մոսկվա անձամբ Մ. Գորբաչովին և ուսանողներին համախբեց,  որպեսզի պաշտպանեն շարժումը, և դըրանց կատարած աշխատանքի հետևանքով կես տարի հետո բավականին ուսանողներ ինտեգըրվեցին շարժմանը: Վարդգեսը հացադուլ արեց ի պաշտպանություն Ղարաբաղի վերամիավորման, որի պատճարով մոտ էր Հայաստանից վտարվեր. ակտիւության համար Հայաստանից վտարվեց Գևորգ Եազիջյանը և մոտ էր վտարվէի նաև ես, ինչպես նաև երկու անգամ ԿԳԲ-ի միջոցով ձերբակալվեցի: Նյութեր հավաքելու նպատակով առաջին սփյուռքահայն էի, որ 1988 թ. օգոստոս ամսին Սամվել Շահմուրադյանի (զոհված միակ պատգամավոր) օգնությամբ գաղտնի գնացի Ղարաբաղ: Այնտեղ իշխում էին  ադրբեջանցիները, որ շատ վտանգավոր էր այդ տարիներին այնտեղ գնալը :
Ղարաբաղյան շարժման առաջին օրերի այսպես միասնական և միահամուռ աշխատանքի հետեվանքով է, որ այսօր մենք կարողացել ենք պահպանել մեր ձեռքբերումները և շարունակում ենք պահպանել մեր հայրենիքն ու ազգությունը: Հայ ազգի պատմության մեջ այսպես միասնականություն երբեւե չի եղել և մենք պիտի պարծենանք, որ ապրում ենք պատմության այս ժամանակահատվածում:
 
«Յոյս» թիւ 150
20 Յուլիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *