Առաջին հայ թեկնածուն Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններում

  
 
Առաջին անգամ մի հայ մասնակցել է Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններին: Արմէն Նազարեանը քաղաքական գիտութիւնների փորձագէտ է եւ միջազգային յարաբերութիւնների ուսանող: Նրա մասնկացութիւնը գրաւել է նաեւ իրանական մամուլի ուշադրութիւնը, քանի որ սա առաջին անգամն է երկրի կրօնական փոքրամասնութիւնների մի անդամ փորձում է մուտք գործել Թեհրանի քաղաքային խորհուրդ:
Արմէն Նազարեանը Բահար օրաթերթին տւած հարցազրոյցում ասել է, որ եթէ մինչեւ այսօր փոքրամասնութիւնները չեն մասնակցել Թեհրանի քաղխորհրդին, դա հաւանաբար այն պատճառով է, որ մտածել են երկրի պատասխանատու մարմինները նման բան չեն ցանկանում,  մինչդեռ հակառակ այս սխալ մտածելակերպի, ոչ մի արգելք չկայ  այդպիսի մասնակցութեան համար:
Արմէն Նազարեանն  ասել է, թէ կրօնական փոքրամասնութիւնների եւ յատկապէս հայերին վերաբերող հարցեր  յատուկ տեղ պիտի ունենային նրա ծրագրերում, սակայն հաւատում է, որ քաղխորհրդում քաղաքացիութեան հարցերը եւ բոլոր քաղաքացիների բարեկեցութեան վերաբերող խնդիրները աւելի առանձնակարգ են եւ կրօնը երկրորդ տեղն է գրաւում: Ըստ նրա, «Մենք էլ այս քաղաքի մի մասն ենք, եւ քաղխորհրդի որոշումներն ու նախաձեռնութիւնները ազդեցութիւն կունենայ բոլորիս կեանքի վրայ»:
Արմէն Նազարեանը  չընտրւեց Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ, ինչը բնաւ անսպասելի չէր: Վերջին ընտրւած թեկնածուն ձեռք է բերել 110 հազարից աւելի ձայն: Դա նշանակում է, որ եթէ ողջ իրանահայութիւնն էլ ձայն տար Նազարեանին, մէկ է, նա չէր ընտրւելու: Քաղաքի խորհրդի անդամ  ընտրւելու համար, հայ թեկնածուն պիտի ձեռք բերի նաեւ ոչ հայ քաղաքացիների ձայները, իսկ դրա համար, պիտի լինի երկրի մասշտաբով հասարակական դէմք եւ կապեր ունենայ  երկրի քաղաքական, հասարակական եւ մշակութային ակտիւ խմբակցութիւնների հետ: Օրինակ Եազդ քաղաքում, ուր ապրում են հինգ հազարի շուրջ զրադաշտականներ, Սեփանթա Նիքնամ անունով մի երիտասարդ զրադաշտականի յաջողւել է ստանալով 20000 ձայն  ընտրւել այդ քաղաքի խորհրդի անդամ: Պարզ է, որ նրան  ձայն են տւել ոչ միայն քաղաքի զրադաշտականները:
Արմէն Նազարեանի թեկնածութիւնը, յամենայն դէպս, հետաքրքիր քայլ է, որ ցոյց է տալիս հայերը հետաքրքրւած են իրենց քաղաքի խնդիրներով եւ փորձում են մուտք գործել քաղաքի գործերը տնօրինող ամենաբարձր մարմին: Սակայն այդ գործում յաջողելու համար, նրանք պիտի ընդհանրապէս լայն կապեր հաստատեն այլ խմբերի հետ եւ չսահմանափակւեն հայկական յարաբերութիւններով: 
 
«Յոյս» թիւ 149
6 Յուլիս 2013 

    Tags: , ,

    One Response to Առաջին հայ թեկնածուն Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններում

    1. armen nazarian
      2013/07/16 at 2:03 AM

      shenorhalootyoon em haydnoom hooys is.

    Leave a Reply to armen nazarian Cancel reply

    Your email address will not be published. Required fields are marked *