Ալբերտ Քոչարեան՝ Թեհրանի դժւարութիւնների 80 տոկոսը քաղաքային (եւ ոչ քաղաքական) բնոյթ ունեն

 
 
Թեհրանի մի խումբ հայ հասարակական եւ մշակութային գործիչներ առաջադրել են թեկնածուների ցանկ Թեհրանի քաղաքային խորհրդի 4-րդ շրջանի ընտրութիւնների համար: Որպէս այդ գործիչներից մէկը, խնդրում ենք պատասխանել հետեւեալ հարցերին:
 
Ի՞նչ նպատակ էք հետապնդում նման ցանկ եւ առաջարկութիւններ ներկայացնելուց:
Նախեւառաջ պիտի ասեմ, որ Իրանի ներկայ պայմաններում Տեղական  Ինքնակառավարման  Մարմինները օրէցօր աւելի մեծ կարեւորութիւն են ստանում: Թեհրանի քաղաքային խորհուրդը (շորայէ շահրը), որի չորրորդ շրջանի ընտրութիւնները վերջերս տեղի ունեցան, այսպիսի մարմին լինելով, մեծ դերակատարութիւն ունի թեհրանցիների, այդ թւում բնականաբար Թեհրանի հայ բնակիչների  կեանքում: Թեհրանի աւագանին, որը 31 անդամներից բաղկացած մայրաքաղաքի օրէնսդիր մարմինն (խորհրդարանն) է համարւում, վաւերացնում է քաղաքային օրէնքները, տարեկան բիւջէն, եւ ընտրում ու վերահսկում է քաղաքապետին: Այդ առումով շատ կարեւոր մարմին է եւ բոլոր բնակիչները այդ թւում եւ մենք պիտի մասնակցենք դրա ընտրութիւններին:
Հաւատացած եմ, որ Թեհրանի դժւարութիւնների 80 տոկոսը քաղաքային (եւ ոչ քաղաքական) բնոյթ ունեն: Սկսած երթեւեկութեան ու օդի ապականումից մինչեւ շէնքերի, բնակարանների եւ դպրոցների որոշ հարցեր:
 
Արդեօք սա առաջին անգամն է, որ նման ակտ էք նախաձեռնում:
Թեհրանի աւագանու երրորդ շրջանի ընտրութիւններին եւս մենք նման քայլի դիմել էինք շատ աւելի սահմանափակ ձեւով «մի խումբ մարզիկներ եւ մարզասէրներ» անւան ներքոյ եւ պահանջներն էլ մեծ մասամբ մարզանքի բնագաւառում էին:
 
Արդեօք որեւէ բանակցութիւններ ունեցել էք ցանկում տեղ գտած թեկնածուների հետ, նրանց պաշտպանելու դիմաց, առաջիկայում նրանց նպաստաւոր մօտեցումը ձեր պահանջների նկատմամբ ապահովելու համար:
Ցանկում տեղ գտած թեկնածուներից որոշների հետ, աւելի յստակ՝ ցանկի սկզբի չորս անձանց  հետ խօսել ենք եւ որոշ խոստումներ ստացել: Մի քանիսի հետ էլ ծանօթ ենք եղել նախկին շրջաններում իրենց գործունէութեան ժամանակ եւ նրանց մօտեցումները դրական ենք գտել:
 
Ի՞նչ սկզբունքով էք ընտրել թեկնածուներին: Նրանց քաղաքական հակումը դէպի երկրի հիմնական քաղաքական գծերը (Օսուլգարա, Էսլահթալաբ, Միանէռօ եւ …) ի՞նչքանով է դերակատար եղել ձեր ընտրութիւններում:
Նրանց հիմնականում ընտրել ենք իրենց անհատական տեսակէտների եւ անցեալի կատարած գործունէութեան չափանիշով: Կարեւոր է եղել նաեւ նրանց մասնագիտութիւնը: Նրանց ներկայացրած ծրա-գրերը եւ ի վերջոյ նրանց քաղաքական ուղղութիւնը եւս կարեւոր ենք համարել նրանց ընտրութեան հարցում: Այսպիսով ստացւել է մեր հրապարակած ցանկը, որը հիմնականում կազմւած է յստակ ծրագիր ներկայացրած 31 փորձագէտներից եւ գործիչներից:
 
«Յոյս» թիւ 149
Յուլիս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *