Մի քանի բառ յառաջիկայ նախագահից իրանահայութեան պահանջների մասին

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Իրանահայ թեմերը, պատգամաւորները, մամուլը եւ միութիւնները իրենց պահանջները ձեւաւորել եւ յանձնել են երկրի նախագահի պաշտօնի համար մրցակցող թեկնածուներին` 4 պահանջ ազգային (ասել է` իրանական) եւ միջազգային մակարդակում, իսկ 6 պահանջ իրանահայութեան հարցերին վերաբերող: Այս պահանջները որպէս համայնքի խնդիրների խտացւած բանաձեւ հետաքրքիր են եւ արժանի աւելի մանրամասն, կէտ առ կէտ ուսումնասիրութեան, բայց ըստ իս, ինքը պահանջների հասցէատիրոջ հարցն է, որ աւելի կարեւոր է: Ու՞մ է ուղղւած պահանջները: Ում, որ նախագահ դառնայ: Բայց ընտրութիւններ է, ո՞վ նախագահ դառնայ աւելի հաւանական է մեր պահանջներին պատասխանի: Մի խօսքով, ես, որպէս իրանահայ, իմ ձայնը ու՞մ տամ, որ մեր պահանջների իրականացումը աւելի հնարաւոր դառնայ: Զանազան թեկնածուներ զանազան ծրագրեր եւ մօտեցումներ են առաջադրում երկրի ապագայի համար, որն է աւելի նպաստաւոր մեզ համար, թէ‘ որպէս իրանի քաղաքացի եւ թէ‘ որպէս հայ: Փաստաթուղթը այս մասին լուռ է: Բայց այդ լռութիւնը իմաստաւոր լռութիւն է.
«Ձայնդ ում ուզում ես տուր, չի տարբերում ո՞վ է յաղթելու, Օսուլգարաները թէ՞ Էսլահթալաբները, Ռոհանին, Արեֆը, Ջալիլին թէ՞ Ղալիբաֆը, ով էլ որ յաղթի, մենք մեր պահանջներն ունենք»:
Շատ լաւ, սա որպէս ընդհանուր ժեստ, որ հայերը անտարբեր չեն, լաւ է: Որպէս ընտրութիւնների առիթը օգտագործելու ակտ, մի շարք պահանջներ ներկայացնելու համար, լաւ է: Բայց սա իր խորքում երկրի ճակատագրի նկատմամաբ անտարբերութիւն քարոզել է: Սա նշանակում է ասել՝ մեր հայերիս համար երկրորդական է, թէ ով է լինելու նախագահ, ով ուզում է թող լինի, մենք մեր պահանջներն ունենք եւ ներկայացնում ենք նրան: կարեւորը մեր պահանջներն են, եւ կարծես դրանք ոչ մի կապ չունեն յառաջիկայ նախագահի մտածելակերպին, ծրագրերին եւ մօտեցումներին:
Կարէն Խանլարեանը բացատըրել է, թէ ինչու ճիշտն այն է, որ համայնքը որպէս համայնք հանդէս գար միայն ընտրութիւններին մասնակցելու կոչով: Բայց չէ որ սա համայնքի միակ ներկայութեան ձեւն է եղել եւ համայնքի ոչ մի այլ միութիւն կամ խմբակցութիւն առանձին հանդէս չի եկել եւ չի կողմնորոշւել այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Այս պայմաններում, նման փաստաղթղի իմաստը, ուզենք թէ չուզենք, այն է, ինչ բացատրւեց վերեւում:
Իսկ զանազան թեկնածուների նկատմամաբ անտարբեր մասնակցութեան կոչն էլ երեւի այնքան ազդեցութիւն չպիտի ունենայ ժողովրդի վրայ: Երբ չի տարբերւում, թէ ով է նախագահ լինելու, էլ ինչու քւէարկել:
Հասուն քաղաքական մարդկանցից եւ խմբերից, առաւել եւս կուսակցութիւններից ակնկալւում է, որ քաղաքական վերլուծութեան հիման վրայ որոշեն, որ երկրում օրէնքի սահմաններում ակտիւ որ հոսանքն է աւելի նպաստաւոր պայմաններ խոստանում հայութեան բարեկեցութեան համար եւ այդ հիման վրայ հայութեանը հրաւիրել քւէարկել այս կամ այն թեկնածուին: Իսկ եթէ դա հնարաւոր չէ անել ողջ համայնքի անունից, թող զանազան խմբեր հանդէս գան իրենց տարբեր կոչերով: Ի վերջոյ, Իրանի հայութիւնն էլ, ինչպէս երկրի ողջ բնակչութիւնը, միատարր չէ:
 
«Յոյս» թիւ 149
Յուլիս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *