Իրանական ընտրութիւնները եւ հայերը

 
 
Յունիսի 14-ին կայացաւ Իրանի նախագահական եւ քաղաքային խորհուրդների ընտրութիւնները: Դոկտոր Հասան Ռոհանին, որ երկար տարիներ պաշտօնավարել է որպէս երկրի Անվտանգութեան խորհրդի նախագահ, ինչպէս նաեւ մի որոշ շրջան էլ արեւմըտեան երկրների հետ ատոմային բանակցութիւններում որպէս Իրանի ներկայացուցիչ, ընտրապայքարին մասնակցել էր ծայրայեղութիւնների դէմ բանախօսով: Նա իր կառավարութիւնը կոչել է «Յոյսի եւ խելամտութեան» կառավարութիւն եւ խոստացել է խելքի ու հնարամտութեան բանալիով լուծել երկրի տնտեսական դժւարութիւնները եւ չափաւոր մօտեցումներով բարելաւել երկրի միջազգային վարկը: Այս ուղղութեամբ կարեւոր տեղ են գրաւում ատոմային բանակցութիւնները, Իրանի դեմ արեւմըտեան պատժամիջոցների վերացումը կամ թեթեւացումը, որ ժողովուրդն յոյս ունի նորընտիր նախագահը, ելնելով իր փորձառութիւնից, կը կարողանայ  իրականացնել:
Ընտրութիւններին մասնակցել էին ընտրելու իրաւունք ունեցող անձանց 72 տոկոսը, որը  բարձր նիշ է: Օտար երկրների ղեկավարները դրական են գնահատել Ռոհանիի ընտրութիւնը եւ դա մեկնաբանել են որպէս  իրանցիների մեծամասնութեան «այո»-ն չափաւորութեան: Իսկ ժողովուրդը մեծ յոյսեր է կապել Ռոհանիի հետ:
Նոյն օրը ընտրւեցին նաեւ քաղաքային խորհուրդները: Թեհրանի խորհրդում բարեփոխական թեկնածուներից 13-ն ընտրւեցին, որ դա էլ անցեալ շրջանի համեմատ, յաղթանակ էր համարւում նրանց համար:
Իսկ ո՞րն էր իրանահայերի մասնակցութիւնը այս ընտրութիւններին: Նախ` իրանահայ թեմերի, խորհրդարանում պատգամաւորների, մամուլի եւ միութիւնների կողմից մի փաստաթուղթ ստորագրւեց, որտեղ ներկայացւել էին իրանահայութեան պահանջները յառաջիկայ նախագահից: Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր կարէն  Խանլարեանը ի պատասխան «Յոյս»-ի հարցերի, խոստացել է, որ հետեւելու է այդ պահանջները (տես էջ 12): Երկրորդ` մի խումբ հայ հասարակական գործիչներ ցանկ ներկայացրեցին Թեհրանի քաղաքային խորհրդի ընտրութիւնների համար ու նաեւ մի շարք պահանջներ եւ առաջարկներ: Դրանցից մի քանիսը վերաբերում էին հայերին, իսկ մեծամասնութիւնը քաղաքի ընդհանուր հարցերին: Այս մասին հարցեր ենք ուղղել այդ գործիչներից Ալբերտ Քոչարեանին, որի պատասխանները կարող էք կարդալ այս համարում (էջ 14): Իսկ առաջին անգամ մի հայ` Արմէն Նազարեանը արձանագրւեց  Թեհրանի քաղխորհրդում որպէս թեկնածու: Այս մասին կարդալ էջ 16-ում:
 
«Յոյս» թիւ 149
Յուլիս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *