Պոէզիա, պրոզա

 
ՇԱՄԻՐԵԱՆ
 
 
Հէնց մակագրեց, դրեցի պայուսակիս մէջ, ու մինչեւ յաջորդ առաւօտ ժամանակ չեղաւ թերթելու:
Ո՞ր յատկանիշներն են խօսքը դարձնում բանաստեղծութիւն, եւ որոնք են այն հեռացնում պոէզիայից: Յա՞նգը, երաժշտականութի՞ւնը, տաղաչափութի՞ւնը…
Ինձ թւում է մի ուրիշ, անմեկնելի ու անանուն մի բան, որը երբեմն հոծ ու հաստատուն, երբեմն էլ աննշմարելի սահման է գծում պոէզիայի ու պրոզայի միջեւ:
Ի՞նչի մասին է խօսքը. ի հարկէ ԳՐՔԻ…
Թարմ հացի պէս անուշ բուրող մի գրքի. թէպէտ հայկական լաւաշի բոյրը չունի, այլ իրանական սանգաքի անկրկնելի համն ու հոտը, քանի որ պարսկերէն է գրւած …, բայց գրւած է սրտով, բխած է սրտից, եւ բանաստեղծի գիտակցականի ու ենթագիտակցականի, յիշարժան պահերի, առօրեայի ու երազանքների, յուշերի ու մտորումների արձակ ու պոէտիկ պատկերներն են:
Արձակի եւ բանաստեղծութեան սահմաններն այստեղ միաձուլւում են յաճախ, եւ մտածում եմ, ինչ կարեւոր է, որ գրւածքն արձակ է թէ՜ չափածոյ, իրականութիւն է թէ՜…
Մի բանում համոզւած եմ` հաճոյք զգացի ու թւաց հասկանում եմ բանաստեղծին:
Վահէ Արմէնի նոր գիրքը լոյս տեսաւ հէնց այս մայիսին «Նեգահ» հրատարակչութեան միջոցով:
Ընդամէնը 78 էջի նեղ սահմաններում, մի կեանքի պատմութիւն է եւ մի տարօրինակ վերնագիր, որը կարող է շփոթի մատնել մեզ: «Ցանկանում եմ, երբեմն, բանաստեղծ չլինել»:
Ախր… Վահէն մազերի ծայրից մինչեւ կօշիկների ներբանը բանաստեղծ է, եւ այդ մասին գրել է 76-րդ էջում:
 
 
Նրա հոգու ալեկոծումներն ու թաքուն ցանկութիւնները, թախիծները, կատակները, յուշերի պատառիկները, երազներն ու երազանքները համեմւած են գողտրիկ բանաստեղծական տողերով, անսպասելի վերջաբաններով, պոէտիկ բառային գիւտերով… եւ պարադոքսալ պատկերներով.-
 
«Կիլոմետրեր փոշոտ ճանապարհներ կտրելով
տասնեակ գիւղակներից անցնելով
Այն օրը` իրիկնապահին
հասանք «Ծով»-
Աշխարհի ամենաանապատային գիւղը»
կամ
«Երբեմն մի ճանապարհ
Անսկիզբ մի պատմութեան աւարտն է ու
մի փակուղի`
անաւարտ մի բանաստեղծութեան սկիզբ»
Վահէն անյուսօրէն ռոմանտիկ է, առօրեան կարող է դարձնել պոէզիայի եւ սիրոյ տօն, կարող է բանաստեղծականութիւն հաղորդել կատւիկի ու աղաւնու համար կեր բերող հաւաքարարի ու բամբասկոտ հարեւանի հետ խօսակցութեանը, տխուր իրականութիւնը դարձնել վերերկրային ու միստիկ հոգեվիճակ:
Սիրում եմ կարդալ նրա գրականութիւնը, հայերէն, թէ պարսկերէն, նախապատւութիւնը տալով հայերէնին, ի հարկէ, մայրենիին, որն, առայժմ, Վահէին բանաստեղծելու բանալի չի տալիս:
«Բարան բիայադ՝ մի ռաւիմ»-ը նրա անցեալ` 2012 թւականին տպագրւած գիրքն է/ Ամռուդ,հր. /(92 էջ եւ շատ մատչելի), որից մէջբերում եմ այս տողերը եւ ասում եմ բարի գիշեր…
 
 
Վահէի հետ կարող ես յայտնւել նոյն երազում, զրուցել, եւ առաւօտեան բարձիդ տակ գտնել նրա մի քանի բարալիկ գրքերից մէկը, որն էլ որ լինի` բացիր ու կարդայ…
Բարձիդ տակ եթէ չգտար, գրախանութ գնայ, այլապէս այցելիր «Նայիրի» գրատուն կամ հեռախօսիր` 88739420.
 
 
«Յոյս» թիւ 148
15 Յունիս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *