1988-ի շարժման 3 պահանջները` Ղարաբաղ, անկախութիւն, ժողովրդավարութիւն

 
Ժ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ
 
 
Այս տարի Հայաստանում նշում են 1988 թւականին սկսած ղարաբաղի շարժման 25-ամեակը, որն իհարկէ միայն Ղարաբաղի շարժումը չէր: ինչ պարզ է, 1988 թւականին, երբ արդէն ողջ Սովետական Միութիւնում սկիզբ էր առել նախ Գլասնոստ  եւ ապա Պրեստրոյկա կոչւող հասարակական-քաղաքական շարժումը, որն այդ պահին ղեկավարում էր Խորհրդային Միութեան կոմունիստական կուսակցութեան առաջին քարտուղար` Գորբաչեւը, ողջ արեւելեան բլոկի, ինչպէս նաեւ Խորհրդային Միութեան կազմում գտնւող հանրապետութիւններում, ժողովուրդը հրապարակ էր եկել տարիների ընթացքում ճնշւած իր ցանկութիւններով: Հայաստանում 1988 թւականին ծայր առած շարժման  մէջ նոյնպէս ներառւած էին զանազան շերտեր եւ քաղաքական գաղափարախօսութիւններ:
Դա, նախեւառաջ, իր ամենաակներեւ շերտում, Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմի մէջ մտցնելու պահանջը հետապնդող շարժում էր, որն ունէր իր յստակ պատմական անցեալը: Դրա ամենաթարմ դրսեւորումն էր, արդէն 1985 թւականից սկսած ստորագրահաւաք, մի խումբ մտաւարականների նախաձեռնութեամբ: Այս առումով, 88-ի շարժումը անկախութեան շարժում չէր: Այդ օրերին դեռ մարդիկ չէին հաւատում, որ կարելի է, կամ ցանկալի է, անջատւել Խորհրդային Միութիւնից: Շարժման ղեկավարութիւնը, թէ Ղարաբաղում, թէ Հայաստանում, հաւատացած էր, որ Խորհրդային Միութեան կազմում կարելի կը լինի Ղարաբաղը անջատել Ադրբեջանից եւ միացնել Հայաստանին: Նոյնիսկ Հայաստանի կոմունիստական կուսակցութեան ղեկավարութիւնը քիչ թէ շատ համակրում էր նման փոփոխութեան:
Բայց Ղարաբաղեան շարժումը նաեւ անկախութեան շարժում էր, կամ գոնէ աստիճանաբար այդպիսին դարձաւ: Սովետական Հայաստանում գոյութիւն ունէին անկախութիւն ցանկացող մտաւարականներ, դրանցից ամենաճանաչւածը երեւի Պարոյր հայրիկեանն էր: Երբ Մոսկւայի հետ զանազան բանակցութիւններն արդիւնքի չհասան, Ղարաբաղի կոմիտէն աստիճանաբար սկսեց խօսել նաեւ Խորհըրդային Միութիւնից անջատւելու եւ անկախ Հայաստան  հռչակելու  մասին:  Օրինակ.  Լեւոն Տէր- Պետրոսեանը ……
88-ի շարժումը նաեւ ժողովրդավարական շարժում էր: Դա մի առումով բնական էր, քանի որ Սովետական Միութեան տոտալիտար (ամբողջատիրական) իշխանութեան դէմ շարժումը ընդհանրապէս արեւմտեան ժողովրդավարական գաղափարներին համակրող շարժում էր, որը տնտեսական ոլորտում, որպէս հակազդեցութիւն սովետական անմրցունակ պետական տնտեսութեան, ձգտում էր շուկայական յարաբերութիւնների: Նոյնն էր հայ մտաւորականութեան մօտ: Կարծես առանց շատ բան ու խօսքի պարզ էր, որ անկախ Հայաստանը լինելու է տնտեսապէս կապիտալիստական-շուկայական, քաղաքականապէս` լիբերալ երկիր: Եւ այս ժամանակ, իհարկէ պարզ չէր, որ այդպիսի համակարգի փոփոխութիւն ինչ սարսափելի աւերիչ հետեւանքներ է ունենալու ժողովրդի մեծամասնութեան համար:
Սակայն մի բան ընդհանուր էր բոլոր հակումների եւ հոսանքների մէջ. շարժման մասնակից մարդիկ, յաճախ այն օրերի մասին խօսելիս, խոստովանում են, որ չէին սպասում շարժումն այդքան կարճ ժամանակահատւածում, այդքան լայն ծաւալ էր ընդունելու: Դրանք մեծ բազմութիւնների, թափահարւող բռունցքների, լոզունգների, պահանջների, համերաշխութեան, եւ հաւատքի օրեր էին, երբ թւում էր, ամէն բան հնարաւոր է: Մարդիկ առիթ էին գտել փողոցներում, հրապարակաւ, բարձրաձայն ճչալ իրենց պահանջերը, ինչը սովետական բռնատիրութիւնը տասնամեակներ ճնշել ու խեղդել էր: Դա էր Հայաստանի 88-շարժման խտացւած էութիւնը:
88-ի շարժման մէջ շատ սակաւ էր սփիւռքի քաղաքական հոսանքների դերը: Իհարկէ հիմնականում ոչ կազմակերպչական մակարդակում կար սփիւռքի ազդեցութիւնը, որպէս անկախութեան վերականգնման, եռագոյնի, ցեղասպանութեան նշման, եւ նման գաղափարներ, թէեւ դժւար է ասել, թէ նոյնիսկ դրանք, ինչքանով էին ազդւած սփիւռքից: Բայց ամէն դէպքում, 88-ի շարժումը Խորհրդային Հայաստանում, խորհրդային հասարակակարգի պայմաններում ձեւաւորւած շարժում էր, որի բոլոր կողմերը եւ ակունքները դեռ ուսումնասիրութեան կարօտ են:
88-ի շարժման հետ է կապւած նաեւ ողջ անկախ Հայաստանի ապագայ պատմութիւնը: …
«…1996 թւականին վերջնականապէս խզւեցին Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ Վազգէն Մանուկեանի յարաբերութիւնները, իսկ Երեւանի փողոցում յայտնւեցին տանկեր, որոնք արտաքնապէս չէին տարբերւում այն տանկերից, որոնց դէմ Լեւոնն ու Վազգէնը միասին պայքարում էին 1988-ին: 1998 թւականին Լեւոն Տեր-Պետրոսեանին իշխանութիւնից հեռացրին Ռոբերտ Քոչարեանը, Վազգէն Սարգսեանը ու Սերժ Սարգսեանը` մարդիկ, որոնք մարմնաւորում էին Շարժման գերնպատակը` Ղարաբաղը: 1999 թւականին Շարժման ուսանողական թեւի ղեկավարներից մէկը` Նայիրի Հունանեանը, սպանեց Վազգէն Սարգսեանին: 2002 թւականին, Վազգէն Սարգսեանի եղբօր հրահանգով, սպանւեց Շարժման ուսանողական թեւի միւս ղեկավարը` Տիգրան Նաղդալեանը: 2008 թւականի մարտի 1-ի ողբերգութիւնը, ըստ էութեան, սկսւեց Շարժման բնօրրանում` Ազատութեան հրապարակում», գրում է Հայաստանեան «Մեդիամաքս» (mediamax.com) կայքի տնօրէն Արա Թադէոսեանը, այդ կայքի  88-ի շարժման նւիրւած նախագծի նախաբանում:
Այս նախագծի շրջանակում  հրատարակւել են շարժամ ականաւոր դէմքերից շատերի հետ հարցազրոյցներ: Մեր ընթերցողին հրաւիրում ենք կարդալ այդ հետաքրքիր նիւթերը, շոշափելի պատկերացում կազմելու համար, թէ իրապէս ինչ էր անցնում այդ տարիներին:
 
 
«Յոյս» թիւ 148
15 Յունիս 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *