Դոկտ. Մեսրոպ Բալայանի (Տ.Մեսրոպյան) հիշատակին

 
ՆԻԿԻՏ ՄԻՐԶԱՅԱՆՑ
 
 
Դոկտ. Մեսրոպ Բալայանն իր մահկանացուն կնքեց ապրիլի 3-ին (2013) Սպահանում, պարսկական նորակառույց մի հեռավոր ծերանոցում, 88 տարեկան հասակում, երբ իր կողակիցը՝ տկն. Բելլան արդեն 24  ժամ էր,  ինչ մեկնել էր Փարիզ: Գույժը լսելիս՝ ակամայից հիշեցի Շահան Շահնուրի նահանջական գաղափարը…..
Քանի-քանի հայ մտավորականներ ենք կորցրել և կորցնում սփյուռքի այս անապատային պայմաններում,անապատի ծաղիկներ, որ թոշնում են ու չորանում առանց մի նոր ծաղկումի հույսի:
Իմ ծանոթությունը դոկտորի հետ եղավ Իրանի հեղափոխությունից հետո, այն ժամանակ, երբ Ն. Ջուղայում հասարակական մեծ եռ ու զեռ էր տիրում դոկտոր Հրաչ Խաչատրյանի խորհրդարանական ընտրության կապակցությամբ: Գիտեի, որ նա դասավանդել  էր Սպահանի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, և նույնիսկ ժամանակին եղել էր նույն ֆակուլտետի հիմնադիրը և նախագահը:
Ինչևիցե, տարիներ էր, որ  նա ապրում էր միայնակ առանց իր ընտանիքի. նրանք նախքան հեղափոխությունը մեկնել էին Փարիզ: Դոկտորը չէր համաձայնվում արտագաղթի երևույթի հետ և ուներ իր սկզբունքը, հենց այդ պատճառով էլ նա զոհաբերեց ընտանիքը, չըմբոշխնելով ընտանեկան համն ու հոտը:
 Իր նախնիները Վանից էին1, ծնվելով Երևանում(1925), իր կյանքը անցել էր Թավրիզ, Ուրմիա, Ղազվին, Թեհրան քաղաքներով և ավարտելով ֆրանսիայի Սորբոնի համալսարանը(1951), հաստատվել  էր Նոր Ջուղայում: Ի դեպ, նրա դասախոսներից է եղել մեծ հոգեբան Ժան Փիաժեն: Հիմնադրել է Իրանի առաջի հոգեբանական      լաբորատորիան Սպահանի համալսարանում,հան-   դես է եկել ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն և հայերեն բազմաթիվ հոդվածներով, թե’ իրանական և թե‘ արտասահմանյան մամուլում: Պարգեվատրվել է Pal-mes Academi Ques  մեդալով (1978) Ֆրանսիայի Ուսումնադաստիարակչական նախարարության կողմից, թարգմանել է Բալզակի «Վաշխառու Գոբեսկը» և Մկրտիչ Արմենի «Պատվիրեցին հանձնել ձեզ» գրքերը պարսկերենով. հեղինակն է «Արբունքի հոգեբանություն» և «Մանկական հոգեբանություն» գրքերի՝ գրած պարսկերենով: Նա առաջիններից է, որ հոգեվերլուծական հոդվածներ է գրել Ֆերդոսու «Շահնամե»-ի  որոշ հերոսների մասին:
Նա խիստ ընթերցասեր էր և ամենօրյա իր այցելուների ծրագիրն էր կազմում իր օրագրում: Ուներ պարսիկ մտավորական-ընկերների լայն շրջանակ և միշտ առիթ էր փնտրում զրուցել նրանց հետ «Հայ դատի» մասին. նույնիսկ մեծ լսարան ուներ «հեզբոլլահ» ուսանողների մոտ, որոնք մեծ հարգանքով էին խոսում նրա մասին: Ժամանակին իրեն աշակերտել է Մոհամադ Խաթամին՝ Իրանի նախքին հանրապետության նախագահը: Իսկ հայ ընտանիքների հետ շփվելիս, ջանում էր նրանց մեջ սեր առաջացնել հայ գիր ու գրականության հանդեպ. մի խոսքով , նա հմուտ սերմնացան էր և քաջալերող հայ մշակույթի բոլոր ասպարեզներում: Դրա ցայտուն օրինակներից կարելի է համարել Ազատ Մաթյանի «Մատյան ողբերգության» պարսկերեն թարգմանությունը, որի քաջալերողը և հավատ ներշնչողը եղել է ինքը՝ դոկտորը: Նա միշտ մեծ գովեստով էր խոսում Ազատի մասին:
Մի քանի տարի առաջ նախքան անկողնուն գամվելը,  հաճախ շաբաթական մի օր մեր ընտանեկան հարկի տակ էր լինում: Ստամոքսային կոլիտ  հիւանդությամբ էր տառապում: Տարիներ իր ուտելիքը  եղել է միայն խաշած գետնախնձոր կամ փլավ: Հիանալի կամքի տեր մարդ էր և ամեն բանում խիստ հետևողական: Ամենահետաքրքիրն իր հասարակ և տարօրինակ պայուսակն էր, որը միշտ կրում էր իր հետ՝ մեջը գիրք, օրաթերթ, թերթերի կտրոններ, որոնք երբեմն հանձնում էր ինձ, իր պատմական օրագրի տետրը և նույնիսկ ատամի խմորն ու խոզանակը ,երբեմն էլ մի քանի կտոր չոր հաց: Այս մասին ակնարկել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը իր հուշերում, երբ այցի էր եկել Իրան՝ Նոր Ջուղա: Այդ մասին կարդացել եմ «Ալիք» օրաթերթում:
Մի օր էլ այդ պայուսակից հանեց մի գիրք ու հանձնեց ինձ պարսկերեն թարգմանելու միտումով՝ «Ինտուիցիան գիտական ստեղծագործության պրոցեսում»՝ պրոֆ.Ալբերթ Նալչաջյանի հեղինակությամբ, որը Հայաստանի ժամանակակից ամենամեծ հոգեբաններից է և ունի մի անտիպ կոթողային աշխատանք «Հայ ժողովրդի հոգեբանությունը» խորագրով: Նախապես ես դոկտորի հոգեվերլուծական հոդվածներից մի քանիսը թարգմանել էի, որ նա շատ էր հավանել2 : Այս գրքի թարգմանությունը տեվեց մոտ երկու տարի. մասնագիտական մի դժվար աշխատանք, որ ուներ իր խրթին փիլիսոփայական գրելաոճը: Եվ վերջապես այս գիրքը դոկտորի հետևողական ջանքերով տպագրվեց Սպահանի համալսարանի միջոցով: Նա ուներ իր «ես»-ը, ինչպես մեր շատ մտաւվորականները, բայց մի օր անկեղծորեն ինձ ասաց, «…Ես Նալչաջյանի փոքր գրպանն էլ չեմ լինի…» Նա իրապաշտ և պրագմատիկ մտաւորական էր՝ հեռու մեծամտության հովերից:
Տարիներ առաջ նա Առաջնորդարանում հիմնել էր հինգ միլիոն թումանով մի ֆոնդ՝ «Մեսրոպ Բալայան մատենաշար»  անվան տակ, որը պիտի հրատարակեր մանկական գրականություն. և հրատարակվեց բավականին գըր-քեր: Բայց արի ու տես մեր «ազգային» կարկառուն դեմքերից մեկի տեսակետը այս հայանպաստ գործի մասին, «…Այ մարդ,  ինչ՞ ես  ֆոնդ սարքել, այդ փողով գնայիր Փարիզ ընտանիքիդ հետ վայելելու…»:
Մոտ երեք տարի է անցնում այն օրից, երբ ես առաջին անգամ  հանդիպեցի տկն. Բելլային, որը լսելով դոկտորի վատառողջ լինելու մասին, ժամանակաւոր եկել էր Փարիզից՝ ամուսնուն խնամելու և որոշ կարգադրություններ անելու նպատակով.գովեստի խոսքեր շռայլեցի իրեն. հարցրի իր ու զավակների փարիզյան կյանքից:Պատասխանները կարճ ու կտրուկ էին ,մտահոգիչ և չունեին ոչ մի փայլ.. Զգացի՝ շա՜տ էր տառապել Փարիզում:
Դոկտորի հուղարկավորությունը և թաղումը անշուք էր: Իսկ այս բոլոր պարտականությունն իր կնոջ կողմից հանձնվել էր դոկտորի երբեմնի ուսանող պրն. Թաթուլ Օհանյանին, որ հեղափոխությունից առաջ  տարիների ծանոթներ էին: Թաղման արարաղությանը բացակայում էր դոկտորի ընտանիքը իրենց համեստ պատճառներով. բայց ներկա էին մեծ թվով պարսիկ դասախոսներ և ուսանողներ ու սակավաթիւ «ազգայիններ»: Արտահայտվեց դոկտորի մտերիմ ընկերը՝  դոկտոր Նուրին և ամփոփ կենսագըրականով հանդես եկաւ ազգային կրթական խորհուրդը: Բայց ինչու ներկա չէին հայ ուսուցիչներից շատերը…ախր  չե՞ որ դոկտորն ուսուցիչ էր…Այդ պահին հայ լինելուցս ամաչեցի…..
Փառք իր վաստակին, Աստված հոգին լուսավորի:
Նոր  Ջուղա,  մայիսի  4,   2013 
 
Ծանոթ.
1-«Կյանքի հուշեր», Հարություն Ավ. Քհն. Տ. Մեսրոպյան (Բալայան), Ն. Ջուղա 1983, երկու հատորով,,Վանքի տպարան.(այս գիրքը ժամանակին լավագույնս գնահատվել է իր փաստագրական տվյալներով):
2-Որոշ ակնարկներ «Շահնամե Ֆերդովսի» էպոսի վերաբերյալ, ժամանակակից հոգեբանության տեսանկյունից, «Լույս» ամսաթերթ, համար 24, 25, 26, 27, 28. 2001թ.
 
 
«Յոյս» թիւ 147
Յունիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *