Իրանահայերի ներգաղթը Բ. աշխարհամարտից յետոյ

 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍԵԱՆ
 
 
XX դ. երկրորդ կեսի ներգաղթը Խորհրդային Հայաստան հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություն էր ինչպես ողջ Սփյուռքի, այնպես էլ իրանահայության համար: Սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձության պատճառների թվում կարևորվում էր մի շարք երկրներում հայերի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակը և դիմումներն ուղղված Հայաստանի կառավարությանը` վերսկսելու 1936 թ. ընդհատված հայրենադարձությունը: Իրանը այն երկիրն էր, որտեղից զանգվածային ամենամեծ ներգաղթը եղավ Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո և հետագա տարիներին:
Իրանը հայկական հնագույն և մեծ գաղթօջախներից է: Այնտեղ հայ բնակչություն է եղել դեռևս մ. թ. ա. VI դարից: Որպես տեղաբնիկներ, հայերը վաղուց ի վեր ապրել են ներկայիս Իրանի հյուսիսային շրջաններում` Թավրիզ, Մարանդ, Ուրմիա (Կապուտան),Խոյ (Հեր), Սալմաստ (Զարևանդ), Մակու (Արտազ), որոնք հայկական սկզբնաղբյուրներում հիշատակվում են Ատրպատական կամ Պարսկահայք և Ղարադաղ (Փայտակարան): Պատմության տարբեր ժամանակահատվածներում` Հայաստանից գերեվարված հազարավոր հայեր բնակեցվել  են այս երկրի հարավ-արևմտյանշրջաններում: 1604–1605 թթ.Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի (մեծ սուրգուն) հետևանքով Հայաստանի տարբեր շրջաններից 300 հազ. (որոշ աղբյուրներում 500 հազ.) հայեր տեղահանվեցին և բնակեցվեցին Իրանի հարավային շրջաններում, հիմնադրվեց Նոր Ջուղան: XVII–XIX դդ. հայ բնակչության մի մասը հարավային գավառներից աստիճանաբար փոխադրվում է կենտրոնական շրջաններ: Տարագաղթման այս գործընթացի հետևանքով Իրանի հայ գաղութը բաժանվեց երկու համայնքի. հյուսիսային` Թավրիզ կենտրոնով և հարավային` Նոր Ջուղա կենտրոնով: Այդ երկու համայնքները տարբերվում են էթնոմշակութային և լեզվաբարբառային առանձնահատկություններով: Երկրորդ աշխարհամարտի վերջին իրանահայության թիվն անցնում էր 100 հազարից: 1945 թ. նոյեմբերի 21-ին ներգաղթի մասին ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշումը1 արագորեն տարածվեց նաև Իրանի հայաբնակ վայրերում: Ինչպես նշում են ներգաղթած բանասացները2 , արձագանքը սկզբում բուռն չէր, քանի որ Թավրիզում և Հյուսիսային Իրանի այլ քաղաքներում լուրեր էին շրջում հայկական ինքնավարություն ստեղծելու մասին, ինչի համար երաշխիք էին ծառայում Իրանում դեռևս 1941 թ. տեղակայված խորհրդային զորքերը: Սակայն 1946 թ. սկզբին այդ զորքերը հարկադրաբար դուրս բերվեցին Իրանից3 , որին անմիջապես հետևեցին իրանահայերի ներգաղթի նախապատրաստման ու կազմակերպման աշխատանքները:
1945 թ. դեկտեմբերի 8-ին ստեղծվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհին առընթեր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման ու տեղավորման կոմիտե: Միաժամանակ կազմավորվեց վերաբնակեցման վարչություն: Սրանց գործառույթները հստակ սահմանազատված էին. ներգաղթի կոմիտեն պետք է զբաղվեր սփյուռքահայերի հայրենադարձության կազմակերպման ու նրանց ընդունման խնդիրներով: Վերաբնակեցման վարչության խնդիրներն էին ներգաղթածների տեղաբաշխումը, բնակարանային ու աշխատանքային հարցերի կարգավորումը, նոր ավանների ու բնակելի տների կառուցումը4: ԽՍՀՄ տարածքում ներգաղթողների ընդունման կայաններ էին բացվել Բաթում, Ջուլֆա և Բաքու քաղաքներում: Իրանի կառավարությունն աշխատում էր անել այնպես, որպեսզի հայերի փոխադրումը երկրի զանգվածային արտագաղթի տեսք չունենար: Իրանահայերի ներգաղթի շրջանում կառավարության հարուցած արգելքները մասամբ պայմանավորված էին նաև այս հանգամանքով: Ավելորդ աղմուկից խուսափելու համար արտագաղթող հայերին ուղարկում էին 80–100 հոգանոց փոքր խմբերով: Փեհլևիի նավամատույցից սովետական շոգենավերը հայերին տանում էին Բաքու, որտեղից էլ ցամաքային փոխադրամիջոցներով` Հայաստան: Մյուս ճանապարհը երկաթգիծն էր, որն անցնում էր Ջուլֆայով` ներգաղթողներին անմիջապես Հայաստան փոխա-դրելով5: Ջուլֆայի ընդունման կայանում ներգաղթողները երկու-երեք օր ապրում էին վագոններում կամ տեղի հյուրանոցում, որոնք զուրկ էին բնակության նվազագույն հարմարություններից: Սնվում էին Ջուլֆայի երկաթուղային կայանի ռեստորանում, որտեղ մթերքի գինը բարձր էր, և չկար անհրաժեշտ տեսականի6:
Հայրենադարձության մասին խորհրդային կառավարության որոշումը առաջին ողջունողներից էր Իրանի Ղազվին քաղաքի հայությունը: Նրանք այստեղ կայացած միտինգի 300 հայ ընտանիքների անունից հեռագիր ուղարկեցին Հայաստան` իրենց գոհունակությունը հայտնելով ներգաղթի թույլատրման կապակցությամբ:
Թեհրանում կազմավորվեց երեսունմեկ անձից բաղկացած ներգաղթին աջակցող կոմիտե` Ռոման Իսաևի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկված էին իրանահայ մտավորականության ներկայացուցիչներ Հայկ Գարագաշը, Ղազար Սիմոնյանը, Աշոտ Աբգարյանը, Արտաշ Այրիյանը, Սուրեն Սևոյանը և ուրիշներ: Կոմիտեի պատվավոր նախագահն էր Իրանահնդկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վահան Կասյանը7: Ներգաղթի նախապատրաստման աշխատանքներին հետևելու համար իր հանձնա-խմբով Իրան ժամանեց նաև Խորհրդային Հայաստանի կառավարության ներգաղթի գծով լիազոր Ռ. Քալանթարը:
Թեհրանի կոմիտեն իր բաժանմունքներն ուներ Նոր Ջուղայում, Արաքում, Ռեշտում, Մեշհեդում, Համադանում, Ահվազում, Սպահանում և հայաբնակ այլ վայրերում: Տեղական ենթակոմիտեները զբաղվում էին ոչ միայն ներգաղթողների հաշվառմամբ ու ցուցակագրմամբ, այլև` ներգաղթի ֆոնդ ստեղծելով: Այդ գործին նպաստում էին Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Իրանի մասնաճյուղը և ունևոր գաղութահայերը:
Այսպես, Չարմահալ գավառի ունևոր խավն ապահովեց ողջ գավառի փոխադրման ծախսերը8: Աբադան քաղաքում գորգի աճուրդից ստացված ողջ գումարը (29 470 ռիալ) տրամադրվեց ներգաղթի ֆոնդին: Սիրողական խմբերը մշակութային ցերեկույթ-երեկույթներ էին կազմակերպում, պիեսներ բեմադրում՝ ամբողջհասույթը ներգաղթի ֆոնդին տրամադրելով9:
Հայաստանի կառավարության մշակած նախնական ծրագրի համաձայն, 1946 թ. պետք է հայրենադարձվեին 8930 ընտանիք կամ 28 800 մարդ, այդ թվում Իրանից` 4 930 ընտանիք կամ 15 800 մարդ, սակայն այդ տարի նախատեսվածից քիչ ընտանիքների հաջողվեց ներգաղթել Հայաստան (3 870 ընտանիք):
Ներգաղթեցին Սպահանի նահանգի Փերիայի գավառից: Փերիան ամենամեծ հայաբնակ գավառն էր: Մինչև 1946 թ. ներգաղթն այն ուներ 24 հայաբնակ գյուղ` 16 հազար բնակչությամբ10: Փերիայից ներգաղթողների ցուցակագրությամբ զբաղվում էր Նոր Ջուղայի ենթակոմիտեի հանձնաժողովը: Ներգաղթեց Ներքին Փերիայի Չիգյանի և Վերին Փերիայի Սանգիբարանի գավառակների ութ գյուղերի բնակչությունը:
 
 
Այս գյուղերից ներգաղթածների վերաբնակեցման համար որոշված էին Մասիսի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի շրջանները: Սակայն բոլորին հնարավոր չեղավ տեղավորել այդ բնակավայրերում, ուստի նրանց մի մասը տեղաբաշխվեց Հրազդանում, Աբովյանում, Կիրովականում և Լենինականում11:
Չարմահալ գավառից ներգաղթի կազմակերպման հարցերով ևս զբաղվում էր Նոր Ջուղայի ենթակոմիտեն:  Մինչև 1946 թ. գավառն  ուներ  ինը հա-յաբնակ գյուղ` 2750 բնակչությամբ: Ներգաղթեցին հետևյալ վեց գյուղերի բնակչությունը.
 
 
Հայաստանում լիվասյանցիները բնակություն հաստատեցին Մեղրիում, Շվանիձորում և այլուր: Մամուռանից գաղթածները` Արարատում ու շրջակա գյուղերում, սինագանցիները` Հոկտեմբերյանում, աղբուլաղցիները` Ալափարս, Արզական, Բջնի գյուղերում, վերին ու ներքին քոնարքցիները` Հոկտեմբերյանում ու շրջակա գյուղերում12:
Քյարվանդի գավառի Դովլաթաբադ գյուղն ուներ 101 ընտանիք, բոլորը լքեցին իրենց հարազատ օջախները: Վերին Քրդեր գյուղում կար 96 ընտանիք, միայն մեկը մնաց գյուղում: Լիովին դատարկվեցին նաև Ջափլաղ գավառի 12 հայկական գյուղերը13:
Բուրվարի գավառի 20 գյուղերից հայրենիք գաղթեց միայն Փահրա, Շավրավա, Անավշ, Բուրք, Չարբազ, Բախտիար, Քանսորխի գյուղերի հայ բնակչությունը (ընդամենը` 1 984 մարդ)14: Այդ գյուղերի բնակիչներն իրենց անշարժ կայքը չհասցնելով վաճառել` հանձնեցին Արաքի ենթակոմիտեի տնօրինությանը: Հիշյալ գյուղերի բնակիչներին Հայաստանից ստացված փոխադրավարձով բեռնատար մեքենաներով ճանապարհեցին Արաք, այնտեղից էլ գնացքով` Հայաստան: Մնացած 13 գյուղերի բնակչությունը թեպետ ցուցակագրվել էր, սակայն Իրանի կառավարությունը կասեցրեց գաղթը: Այդ գյուղերն էին` Ասնա, Աբարիք, Մուղանաք, Գուրան, Սանգսեֆիդ, Գովզ, Գայիքան, Ղարաքեահրիզ, Խորզընդ, Ֆարաջաբադ, Դեհնակ, Բահմանաբադ և Նասրաբադ: Նըրանք ևս իրենց ողջ ունեցվածքը` տունն ու կայքը, կալ ու կուտը, անասունները նախապես ցածր գնով վաճառած պարսիկ նորեկ հողագործներին, կազմ ու պատրաստ սպասում էին ճանապարհվելու հայրենիք: Ներգաղթը ձգձգվեց և ակնկալված օրն այդպես էլ չեկավ: Հիշյալ գյուղերի բնակիչները, զրկվելով ողջ ունեցվածքից, տնանկ և ընչազուրկ, աղետալիվիճակի մեջ ընկան:
Հիշյալ գավառների բնակչությունը Շահ Աբասի գաղթեցրած հայերի սերունդներն էին, որոնց համար այս տեղաշարժը, ըստ էության, հայրենադարձություն էր, թեպետև նրանք հասցրել էին արմատակալել և ցավով էին բաժանվում իրենց ծննդավայրից:
1946 թ. ներգաղթ կատարվեց նաև Ղարադաղից15: Նշենք, որ Ղարադաղի բնակչության զգալի մասը ժամանակին գաղթել էր Ղարաբաղից ու Զանգեզուրից: Աշխարհագրական մեկուսի դիրք ունենալու շնորհիվ նրանք պահպանել էին իրենց կենցաղի ու սովորույթների ուրույն նկարագիրը16: Ներգաղթեցին Ղարադաղի Դիզմար գավառակի Խունագահ, Ղուլուդի, Սարդու, Ղշլաղ, Իրգութին և Աղաղան գյուղերից, Հասանով գավառակի Ողան և Նեփեշտ գյուղերից, Մինջևան գավառակի Վինա, Ամրադուզ, Քարագլուխ, Սևահող, Վարդանաշեն գյուղերից, Քեյվան գավառակի Սըզըն, Ղասումաշեն, Դուգավդարա, Բերդ, Սիրուն, Նուրիշկին, Արշաֆ, Մըհդավա գյուղերից17:
1946 թ. ներգաղթեցին նաև Իրանի մի շարք քաղաքներից18:
 
 
Այսպիսով, 1946 թ. Իրանից Հայաստան ներգաղթեց ընդամենը 20 հազ. 597 մարդ, ներգաղթն ընդհատվեց Իրանի կառավարության հարուցած խոչընդոտների հետևանքով20: Հայաստանում հաստատված իրանահայերի վիճակի, խնդիրների մասին պատկերացում կազմելու համար կառավարությունը հատուկ խմբեր ստեղծեց: Արդյունքում պարզվեց, որ առանձնապես ծանր է Արտաշատի, Էջմիածնի, Վեդու, Զանգիբասարի (Մասիս) շրջաններում, «Արարատ» տրեստի ու «Պահածոտրեստի» սովխոզներում տեղավորված Իրանից ներգաղթած գյուղացիական տնտեսությունների վիճակը: Գյուղերից հայրենադարձված հայերի մեջ նկատվել էր տիֆով ու տրախոմայով հիվանդության դեպքեր, որոնք բժիշկների ջանքերի շնորհիվ կանխվեցին:
Հայաստանի կառավարությանն առընթեր ներգաղթի կոմիտեն, հաշվի առնելով Իրանում ու Հունաստանում ապրող հայերի վատ վիճակը, որոշեց 1947 թ. ներգաղթ կազմակերպել հենց այդ երկրներից21:
1947 թ. նախատեսված էր շուրջ 25 հազ. մարդ ընդունել Իրանից: Սակայն այնպես պատահեց, որ ոչ մի հայ չվերադարձավ հայրենիք, քանի որ Իրանի կառավարությունը, չնայած նախնական համաձայնությանը, արգելեց հայերի հայրենադարձությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հրաժարվել էին իրանահպատակությունից և սպասում էին ներգաղթելու իրենց հերթին, այդպես էլ մնացին անորոշ վիճակում, քանի որ չէին կարող օգտվել աշխատանքի, սեփականության առք ու վաճառքի իրավունքից: Իրանի իշխանությունները խոստանում էին որոշ արտոնություններ, եթե նրանք հրաժարվեն արտագաղթից:
Բանասացների պատմելով` Թեհրանից գավառներ եկած և գյուղ առ գյուղ շրջող կոմիտեի անդամները հավատացնում էին, որ շուտով հայրենիք են մեկնելու: Շատերը, որ դժվարությամբ գույք էին ձեռք բերել, կրկին վնասով վաճառեցին և նորից հուսախաբ եղան22:
Ծանր վիճակ ստեղծվեց գյուղական բնակչության համար, որոնք շտապել էին վաճառել տուն ու տեղ: Խորհրդային Հայաստանում Ներգաղթի կոմիտեի անդամները փորձում էին նրանց տեղավորել նոսրացած կամ դեռևս չբնակեցված գյուղերում, տեղի էին ունենում ներքին տեղաշարժեր. այսպես` Բուրվարի գավառի Աբարիք գյուղից 16 տուն տեղափոխվեցին Փերիայի Խոյգան գյուղ, Գովզ և Ազնա  գյուղերից` Ազարջրիբ, Ղարաքյահրիզ, Ֆարաջաբադ, Դեհնով և Խորզընդի գյուղերից` Քյեարաջի մոտակա ոչ հայաբնակ գյուղերը: Մնացած գյուղերը զբաղեցրել էին հարևան գյուղերից եկած պարսիկները23: Թեհրանում, Թավրիզում կուտակված հայ բնակչության դիմումներն ուղղված Իրանի կառավարությանը` հող ձեռք բերելու ու աշխատելու նպատակով, մնացին անպատասխան: Նրանց մի մասը հաստատվեց այն գյուղերում, որոնք պարսիկ գյուղատերերի սեփական հողերի վրա էին` պայմանով, որ հայերն ու պարսիկները համատեղ միևնույն գյուղում զբաղվեն հողագործությամբ, քանի որ հայ հողագործները զրկվել էին գյուղատերերի վստահությունից և ստիպված համաձայնեցին: Մյուս հիմնական մասի համար ՀԲԸՄ-ն վրանային ճամբար հիմնեց Թեհրանի շրջակայքում` խորհրդային զորքերի նախկին տեղակայման վայրում, մինչև հարցի հետագա լուծումը:
1947 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց ընդունել 20 հազ. մարդ, սակայն Իրանից այդ թվերին (1947–1949 թթ.) հայրենադարձություն տեղի չունեցավ: Զանգվածային հայրենադարձությունն ավարտվեց 1949 թ.: Թեհրանամերձ ճամբարում բնակվողների մի մասը ՀԲԸՄ-ից նպաստ ստանալով` ցրվեց քաղաքի արվարձանները` աշխատանքի ու ապրուստի որոնումներով:
 
Աղբիւր` հատւած «Իրանահայերի ներգաղթն եւ վերաբնակեցման խնդիրները (1946–1970-ական թվականներին)», Արմենուհի Ստեփանյան, Համլետ Սարգսեան,հոդւածի
 
1 Տե՛ս «Սովետական Հայաստան», 2. XII. 1945:
2 Ա. Ս տ ե փ ա ն յ ա ն. Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետ` ԴԱՆ), Սյունիք, 1974 թ.:
3 Ստալինը չէր շտապում զորքերը դուրս բերել Իրանից, քանի որ ծրագիր էր նախապատրաստվում զենքով լուծել Արևմտյան Հայաստանի հողերը օրինական տերերին վերադարձնելու խնդիրը, որը չէր հաջողվել դիվանագիտական ճանապարհով: Համաձայն այդ ծրագրի` Թուրքիայի վրա հարձակում էր նախապատրաստվում երեք ուղղությամբ` Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Իրանից հարձակումն իրականացնելու նպատակով խորհրդային զորքերի հրամանատար էր նշանակվել Հովհ. Բաղրամյանը (տե՛ս Ս. Հ ո վ ի վ յ ա ն. Սրտաբաց խոստովանություններ և զգաստության հրավեր Սփյուռքի իմ պանդուխտ եղբայրներուս և քույրերուս, Պեյրութ, 1973, էջ 56–157): Բանասացների հաղորդած տեղեկությունները հաստատվեցին քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանի «Ստալինի հայկական արշավը» հեռուստահաղորդման մեջ: Ծրագիրը չիրականացավ, և 1946 թ. ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը վերջնագիր ներկայացրեց Խորհրդային Միությանը` զորքերը Իրանից դուրս բերելու մասին:
4 Հ. Մ ե լ ի ք ս ե թ յ ա ն. Հայրենիք-Սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը, Երևան, 1985, էջ177–178:
5 Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև` ՀԱԱ), ֆ. 326, ց. 2, գ. 35:
6 Նույն տեղում, գ. 135:
7 Հ. Փ ա հ լ և ա ն յ ա ն. Իրանահայ համայնքը (1941-1979 թթ.), Երևան, 1989, էջ 182:
8 Ա. Ս ա ր յ ա ն. Պատմություն Չարմահալ գավառի, Թեհրան, 1980, էջ 425:
9 «Վերածնունդ», Թեհրան, 19. VII. 1946:
10 Հ. Փ ա հ լ և ա ն յ ա ն. նշվ. աշխ., էջ 35:
11 Ծ. Զ ա ր գ ա ր յ ա ն. Պարսկաստանի Փերիա գավառի ազգագրական նյութեր.– ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի արխիվ (այսուհետ` ՀԱԻ ԱԲԱ), ֆ. 28:
12 Ա. Ղ ա ր ա խ ա ն յ ա ն. Իրանի Չահարմահալ գավառի հայերի ազգագրությունը.– ՀԱԻ ԱԲԱ, ֆ. 93, մաս III, էջ 902-903, Ծ. Զ ա ր գ ա ր յ ա ն. նշվ. աշխ., էջ 7:
13 Նույն տեղում:
14 Ա. Շ ա հ բ ա զ յ ա ն. Նշխարներ Բուրվարի գավառի պատմության և ազգագրության, Թեհրան, 2003, էջ 234–235:
15 Հ. Հ ո վ ս ե փ յ ա ն. Ղարադաղի հայերը. 1. ազգագրություն, Երևան, 2009, էջ 156–157:
16 Ա. Ա լ պ ո յ ա ճ յ ա ն. Պատմություն հայ գաղթականության, հ. Գ, Գահիրե, 1961, էջ 226–227:
17 Տե՛ս Հ. Հ ո վ ս ե փ յ ա ն. Ղարադաղի հայերի ազգագրությունը.– ՀԱԻ ԱԲԱ, ֆ. 75:
18 Ծ. Զ ա ր գ ա ր յ ա ն. նշվ. աշխ., էջ 7:
19 Հարկ է նշել, որ աղյուսակում բերված ընդհանուր թիվը զուտ քաղաքային բնակչությանը չէր, քանի որ, ինչպես ասվել է, ներգաղթի ձգձգման հետևանքով քաղաքներում կուտակվել էր գավառների բնակչությունը:
20 ՀՀԱԱ, ֆ. 362, գ. 14, թ. 30–39:
21 Հ. Մ ե լ ի ք ս ե թ յ ա ն. նշվ. աշխ., էջ 218–227: Ըստ Փահլևանյանի, այնուամենայնիվ 1947 թ. Իրանից ներգաղթեց 2 646 մարդ. տե՛ս Հ. Փ ա հ լ և ա ն յ ա ն. նշվ. աշխ., էջ 73:
22 Ա. Ս տ ե փ ա ն յ ա ն. ԴԱՆ, Էջմիածին-Հոկտեմբերյան, 1985:
23 Ա. Շ ա հ բ ա զ յ ա ն. նշվ. աշխ., էջ 242–243:
 
 
«Յոյս» թիւ 147
Յունիս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *