Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

 
Ռ. Ս.
 
 
Իրանահայերի 1946-1948 թւականների մեծ գաղթը դէպի Հայաստան, որը համառօտ  կոչւում է «Ներգաղթ», իրանահայութեան ժամանակակից պատմութեան կարեւորագոյն էջերից է, որի զանազան կողմերը արժանացել են անհամապատասխան սակաւ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան:
Կատակ բան չէ: Երկու տարւայ ընթացքում  մօտ 20 հազար հայեր, մեծամասնաբար Իրանի գիւղերից, տեղափոխւեցին Սովետական Հայաստան` հայրենիք: Ներգաղթը կոչւում էր նաեւ «հայրենադարձութիւն»: Բայց արդեօք դա իրօք հայրենադարձութիւ՞ն էր: Գաղթողների համար հիմնականում` այո: Նրանք թէեւ կապւած էին իրենց ծննդավայրին, այսինքն Իրանի այս կամ այն շրջանի բնութեանը, միջավայրին եւ բարքերին, բայց եւ կարծես դարեր առաջ տեղի ունեցած բռնագաղթը եւ տարիներ Իրանի գիւղացու կողքին ապրելը, նրանց մէջ չէր ո-չընչացրել հեռու հայրենիքի կարօտը եւ դրան, իհարկէ,  պիտի աւելացնել, Սովետական Հայաստանի ժամանակի համբաւն ու հմայքը, որպէս «բանւորների եւ ընչազուրկների երկրի»:
Երբ ուզում ես թարգմանել «ներգաղթ» կոչւածը, յատկապէս պարսկերէնի, նոր ես նկատում, որ դրա նշանակութիւնը այնքան էլ բնական չէ, խօսքը  յատկապէս «Ներ» նախածանցի մասին է: Մի պարսիկ ուսանող, որ ուսումնասիրում էր ներգաղթը, խորհրդակցելու համար նա դիմել էր ինձ: Նա չէր հասկանում Ներգաղթ այսինքն ինչ: Մտածում էր երեւի դա պարտադրաբար է եղել: Այն,  ինչ մեզ համար շատ բնական է թւում, նրա համար անհասկանալի էր: Սրա պատճառը երեւի այն է, որ պարսիկ մտաւարականը, չի ճանաչում մեզ` իրանահայերիս, մեր մտածելակերպը եւ իրականութիւնը: Այդ չճանաչելը մասամբ արդիւնքն է իրանական կայսերական շովինիզմի, որի համաձայն շեշտը դրւում է «բոլորս իրանցի ենք, ոչ մի տարբերութիւն»-ի վրայ: Երկրորդ, դա արդիւնքն է մեր միջոցով մեզանից ներկայացւած պատկերի, որը պարզապէս կեղծ է, փորձ է մեզ ներկայացնել այնպէս, ինչպէս դիմացինն է ցանկանում  մեզ տեսնել: Ներգաղթը ամենամեծ վկայութիւնը/փաստն է/, որ իրանահայը, գոնէ 1940-ականներին, քանի դար Իրանի հողի վրայ ապրելով հանդերձ, իր հայրենիքն էր համարում Հայաստանը եւ երբ առիթն ստեղծւեց գաղթել այնտեղ, դա համարում էր հայրենադարձութիւն: Ողջ գիւղերի բնակչութիւնը  լցւած բեռնատարները  տեղափոխւում էին Թեհրան եւ այնտեղից` Հայաստան: ԹԷ Հայաստանում ինչ էր սպասում նրանց, դա  այլ հարց է, թէեւ շաղկապւած առաջին հարցին:
Հայաստանում, նորեկները, երեւի նոր զգացին, որ ոչ Սովետական Հայաստանն էր այնքան հայրենիք, եւ ոչ Իրանը` այնքան օտար: Գաղթականների համակերպման եւ ինտեգրացման հարցը Սովետական Հայաստանում Ներգաղթի ուսումնասիրութեան երկրորդ կողմն է:
Կան նաեւ ուրիշ հարցեր:
– Որո՞նք էին ներգաղթի կազմակերպման բուն պատճառները: Գիտենք, որ ներգաղթը տեղի ունեցաւ ոչ միայն Իրանից, այլ աշխարհի զանազան երկրներից: Ի՞նչ եղաւ, որ Սովետական Միութիւնը յանկարծ մտքի ընկաւ աշխարհասփիւռ հայերին վերադարձնել Հայաստան: Այստեղ դեր ունէր ետպատերազմեան աշխարհաքաղաքական վիճակը, ու նաեւ այն, որ Ստալինը մտածում էր, Թուրքիայի վրայ ճնշում բանեցնել ներգաղթած հայերի համար արեւմտեան Հայաստանի որոշ տարածքները Սովետական Հայաստանին միացնելու ուղղութեամբ:
– Հայրենադարձների մի մասը, երբ առիթն ունեցան գաղթեցին Ամերիկա: Սրանց ճակատագիրն էլ է հետաքրքիր: Հայրենիքի փորձառութեան նրանց ինքնուրոյն եղանակը:
– Մնացածների ճակատագիրը եւ տեղաբաշխումը Թեհրանի քաղաքամասերում, որը ձեւաւորել է Թեհրանի հայ բնակչութեան հասարակական կառոյցը: Աղքատները (Ներգաղթի համար Թեհրան եկած եւ Թեհրանում մնացած գիւղացիները) տեղաւորւեցին այսօրւայ Նարմաք, Զարքեշ եւ այլ թաղամասերում,  քաղաքացիները (հին թեհրանաբնակները) միւս թաղերում էին ապրում,  յատկապէս Ղաւամսալթանէ եւ շրջակայքը: Իհարկէ, սա  իր ընդհանրութեան մէջ: Նիւթը կարօտ  է աւելի լուրջ ուսումնասիրութեան: Բայց ոչ մի խօսք, որ ներգաղթի դադարեցումը եւ գիւղացիութեան բնակեցումը Թեհրանում, մեծ դեր խաղաց թեհրանահայութեան կեանքում:
 
Հետեւեալ գրութիւնը ամփոփ տեղեկութիւններ է ներկայացնում իրանահայութեան ներգաղթի մասշտաբի, տեղափոխութեան կազմակերպման  ձեւերի եւ դադարեցման մասին: Սակայն, ինչպէս ասացինք, Ներգաղթը բազմակողմանի հասարակական-պատմական երեւոյթ է, որի հետ  ծանօթանալու համար սա փոքրիկ քայլ կարող է համարւել միայն:
 
«Յոյս» թիւ 147
1 Յունիս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *