Մտորումներ Հրանտ Դինքի տեսակետների շուրջ ԻԱՄՄ-ում

 
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
 
 
2013 Թվականի ապրիլի 25-ի երեկոյան ժամը 7.30-ին Իրանահայ ազգային և մշակութային միությունում (ԻԱՄՄ) տեղի ունեցավ դասախոսություն նվիրված Հրանտ Դինքի տեսակետներին, որը ներկայացնում էր դոկտ. Ռուբիկ Սարդարյանը: Նրա զեկույցից հետո տրվեցին հարցեր, տեղի ունեցավ երկխոսություն: Ստորև ներկայացնում ենք դասախոսության նյութը և դրանից բխած տարբեր տեսակետները, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության և դրա հետ կապված տարբեր հարցերին:
 
Բոլորս լավ ճանաչում ենք Հըրանտ Դինքին՝ որպես ազգի հերոսի, տեղեկություններ են տըր-վում նաև նրա սպանության դատավարության ու նման հարցերի շուրջ, սակայն ընդհանրապես ու հատկապես մեր համայնքում չի ներկայացվում նրա տեսակետներն ու գաղափարները: Հրանտ Դինքը Թուրքիայում և թուրք հասարակության մեջ ինտեգրված հայ քաղաքացի էր, այսինքն՝ նրան մտահոգում էր ոչ միայն հայկական հարցը, այլև Թուրքիայի հարցերը, հատկապես Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացը: Նա Թուրքիայում ճանաչված էր որպես այլախոհ քաղաքացի, նա Թուրքիայի մոդեռնացման սիմվոլն էր: Իր հիմնադրած «Ակօս» թերթի միջոցով տարածում էր իր գաղափարները: Այդ թերթը լույս էր տեսնում և հիմա էլ լույս է տեսնում 6000 տպաքանակով, նրա ընթերցողներն էին՝ թուրքահայերը, թուրքերը, սփյուռքը և իսլամացած հայերը: Այդ թերթը լույս է տեսնում հայերեն և թուրքերեն լեզուներով, իսկ ավելի մեծ քանակով թուրքերենով է տպագրվում:
Հրանտ Դինքի տեսակետներն ու մոտեցումները մեր ավանդական մոտեցումներից բավականին տարբեր են: Նա շատ էր կարևորում Թուրքիայի ժողովըրդավարության հարցը և այն կարծիքին էր, որ մինչև Թուրքիան ժողովրդավար երկիր չդառնա, Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից դժվար իրականացվի: Թուրքիան այս հարցի շուրջ ներքին ճնշումից է վախենում, այլ ոչ արտաքին ճնշումներից: Նա թուրք ժողովրդին երկու մասի է բաժանում, առաջինն այն մասն է, որ առաջադեմ է ու կողմ է Թուրքիայի ժողովրդավարացմանը և ինչ-որ չափով տեղեկացված է հայերի ու Հայոց ցեղասպանության մասին. այս խավը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դըրա համար հայ ժողովրդից ներողություն է խնդրում: Երկրորդ մասը քեմալիստներն են ու ազգայնամոլները, որ դեռ չեն ճանաչում և ուրանում են Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, Թուրքիային չպետք է դիտել որպես միատարր մի երկիր, մինչդեռ մեր համայնքի ազգայինները և շատերը սա չեն նկատում: Հրանտ Դինքը կողմ էր Թուրքիայի անդամակցությանը Եվրամիության և այն կարծիքին էր, որ այդ դեպքում Թուրքիան շուտ կդառնա ժողովրդավար մի երկիր, որը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից:
Իսլամացած հայերի մասին մեր տեղեկությունները անբավարար են, չնայած վերջերս Հայաստանում սկսել են ուսումնասիրություններ կատարել, սակայն դեռ հստակ տեղեկություններ չկան: Դժբախտաբար երբեմն սխալ մոտեցումներ են ցուցաբերվում մեր կողմից նրանց նկատմամբ. նրանք ազգությամբ հայ են, միայն իրենց կրոնը իսլամն է, նրանց պետք է ընդունենք որպես հայերի: Նրանցից շատերը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին ու մասնակից լինեն հայկական կյանքին, երբեմն մեր որոշ նեղմիտ հայերի ու ազգայնամոլների կողմից պատնեշի են հանդիպում: Օրինակ՝ մի քանի իրանահայեր Գերմանիայում նրանց համար պայման են դրել, որ նախ պետք է կրոնափոխ լինեն և ընդունեն քրիստոնեությունը և հետո մասնակից դառնան հայկական կյանքին:
Հրանտ Դինքը մի երկու անգամ եղել է Թեհրանում և մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկներին: Դժբախտաբար, Դաշնակցության կողմից լավ չէին ընդունում նրա ներկայությունը, իսկ երբեմն նույնիսկ  որոշ կուսակցականներ նրան համարում էին Թուրքիայի գործակալ: ՀՅԴ-ը հրահանգ-շըր-ջաբերական էր ուղարկել դաշնակցականներին, որտեղ նշվել էր «Քիչ արձագանքել Դինքի մտքերին  ՀՅԴ-ին պատկանող թերթերում»: Սակայն ժողովրդից հետ  չմնալու պատճառով ձևացնում է, որ նրան ընդունում է որպես ազգի հերոսի:
Դինքը հայությանը բաժանում է երեք խմբի՝ հայաստանաբնակ հայեր, սփյուռքի հայեր և թրքահայեր: Սրանցից յուրաքանչյուրը թուրքին տարբեր ձևով է վերաբերվում. հայաստանաբնակը՝ որպես իր հարևանի, սփյուռքահայը՝ որպես նույն թուրքի, որը չի փոխվել, իսկ թուրքիաբնակը՝ որպես իր հետ ապրող թուրքի: Սփյուռքում հայությունը աշխատում է իսկությունը պահպանել, իսկ Հայաստանում աշխատում է իսկությունը ապրել:
Թուրքիայից տարածքային պահանջատիրությունը Հրանտ Դինքը իրատեսական չէր համարում, և դրանք գնահատում էր որպես զգացմունքային դրսևորումներ: Կարելի է ասել, որ նման պահանջներ ներկայացնելը վնասում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և նվազագույն պահանջներին կամ փոխհատուցումների ձեռքբերմանը: Սփյուռքում հայերիս մեծ մասը զգացմունքային մոտեցումներ է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ու հայկական մյուս հարցերի նկատմամբ: Մենք պետք է ձերբազատվենք այս զգացմունքային մոտեցումներից ու աշխատենք տրամաբանորեն մոտենալ բոլոր հարցերին:
Հայոց ցեղասպանության ժխտումը թուրք ժողովրդի մեծամասնության կողմից նրա անտեղյակ լինելու հետևանք է: Նրանք պատմությունը լավ չգիտեն և ուրիշ ձևով է ներկայացված նրանց, նրանք ավելի շուտ իրենց իմացածն են պաշտպանում: Ինչպես որ մենք մեր դպրոցներում կամ միություններում թուրքին ներկայացնում ենք որպես դահիճ, մարդասպան ու ոչ զարգացած, նրանք էլ որպես պաշտպանողական ֆունկցիա, հակառակն են կատարում և իրենց դպրոցներում հային որպես բացասական կերպար են ներկայացնում: Հրանտ Դինքը նրանց չի մեղադրում անտեղյակության համար, այլ ասում է, որ հայերիս կարևոր պարտականություններից է այն, որ թուրք ժողովրդին տեղեկություններ փոխանցենք. մի գործ, որ ինքն ու իր համախոհները կատարում էին «Ակօս» թերթի ու տարբեր միջոցներով:
Այն ազնիվ ու առաջադեմ թուրքերը, որ տեղեկացված են և հատկապես մտավորականները, փոխում են իրենց դիրքերը և սկըսում են պաշտպան կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Հայաստանի հեռուստատեսությամբ նաև կարող ենք նման թուրքերի ականատեսը լինել, որ լավ ուսումնասիրել են իրենց անցյալը և դատապարտում են ցեղասպանությունը, նեցուկ են կանգնում հայությանը: Արդեն քանի տարի է, որ Թուրքիայում «Հայեր ներողություն ենք խընդ-րում» ակցիան աշխատում է և առաջադեմ թուրքերն իրենց ստորագրություններն են դնում այդ ակցիայի տակ:
Հրանտ Դինքը այն կարծիքին էր, որ Հայաստանի զարգացումը և հզորացումը ավելի կարեվոր հարց է, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սփյուռքի որոշ ղեկավարներից ու ազգայիններից եթե խլես մեծամեծ լոզունգները՝ վրեժխնդրություն, հող, պահանջատիրություն և այլն, նրանք իրենց իսկության մեջ դատարկություն կզգան: Հրանտը խորհուրդ էր տալիս նրանց, որ նման դատարկությունը լցնեն Հայաստանի զարգացման ու հզորացման խնդիրներով: Մեծ էներգիա են դնում հայերը արտասահմանյան տարբեր երկրներում ցեղասպանությունը ճանաչել տալու  ուղղությամբ, սակայն դրանց փոխարեն պետք է պատմությունը սովորեցնենք թուրքերին, որպեսզի ցեղասպանության իրողությունից տեղեկանան, որից հետո հեշտ կլինի ցեղասպանությունը ճանաչելը: Մինչև թուրք ժողովըրդին մենք և թուրք առաջադեմ մարդիկ ճշմարիտ պատմությունը չսովորեցնենք ու նրանք չգիտակցեն իրողությունը, հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսք չի կարող լինել: Մյուս եր-կըրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց ձեռքում մի խաղաքարտ է Թուրքիայի դիմաց և իրենց շահերի համար: Մենք դեմ չենք նրանց ճանաչելուն, ճանաչել և չճանաչելը նրանց խղճի հարցն է եւ չպետք է մեծ պայքար տանենք այդ երկրների խորհրդարանների կամ վարչակազմի հետ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այսօր Թուրքիայի առջև դրված խնդիրը Հայոց ցեղասպանության ոչ ժխտումն է, ոչ էլ ճանաչումը, այլ գիտակցելն է ցեղասպանության իրողության շուրջ:
Փոխհատուցման հարցում կարելի է երկխոսել, իսկ տարածքային պահանջատիրություն ներկայացնելը ոչ իրական կլինի: Մենք կարող ենք դրա մասին երազել ու երազներով ապրել, ինչպես որ անում են մեր ազգայինները: Մենք ոչ թե երազներով, այլ ռեալ հողի վրա պետք է ապրենք: Ցեղասպանության հարցի լուծման կողմերը հայերը և թուրքերն են ու մեթոդը երկխոսությունն է: Մեր մոտեցումները Թուրքիայի ու թուրքերի հանդեպ միշտ բացասական է եղել, սակայն պետք է ընդունենք, որ զարգացումը միշտ տեղի է ունենում բոլոր երկրներում: Թուրքիան հենց հին Թուրքիան չէ, թուրքն էլ հենց հին թուրքը չէ, մենք հենց Հայաստանի հեռուստաալիքներով հանդիպում ենք զարգացած բազմաթիվ թուրք մտավորականների, որոնք լավ գիտակցում և ճիշտ մոտեցում են ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ: Հրանտ Դինքի մահից հետո հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց և ասացին՝ մենք Հըրանտ Դինք ենք, մենք հայ ենք: Սրանք այդ իրականության վառ օրինակներից են: Ներկայումս Թուրքիայում որոշակի գրքեր և թարգմանություններ են հրատարակվում, որոնք խոսում են ցեղասպանության իրողության մասին և թուրքերն աստիճանաբար ավելի լավ են գիտակցում իրողությունը, բայց մասսայական բնույթ ստանալու համար մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջվելու: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ինչքանով, որ ժողովրդի հարցն է, իշխանության հարցը չէ, եթե ժողովուրդը գիտակցի, իշխանություններն ուզեն թե չուզեն, ստիպված են լինելու ենթարկվել իրենց ժողովուրդների կամքին: Սփյուռքահայերի մեծ ջանքերն այս ուղղությամբ պետք է գործադրվի:
Ուրիշ մի հանգամանք, որ մենք բոլորովին չենք նկատում, Թուրքիայի քուրդերի հարցն է: Հայկական տարածքներում
ապրում են հիմնականում քրդեր և ոչ թե թուրքեր: Թուրքիայի 14 քաղաքներում բնակչության 90 տոկոսը քրդերն են, իսկ  մնացած 10 տոկոսը կազմում են արաբները, հայերը, թուրքերը և ալավի մուսուլմանները: Եթե մեր պահանջատիրական հարցերն   իրատեսորեն դիտարկենք, կնկատենք, որ մեր պահանջները այնքան էլ տրամաբանական չեն, հատկապես տարածքային պահանջները: Երազային լոզունգները, որոնք երբեմն տրվում են ազգայնականների ու ազգայնամոլների կողմից, նշանակում է, որ մենք պետք է ճակատ բացենք քրդերի դեմ, նրանց այնտեղից դուրս հանենք և այլն: Մենք՝ հայերս ավելի լավ է ռեալ մոտենանք այս հարցին, մենք այդտեղ ոչ զորք ունենք, ոչ ժողովուրդ: Ժամանակակից պայմաններում այդ հողերում անկախ պետություն ստեղծելու միտքը ինչքանո՞վ է ռեալ և օբյեկտիվ: Պարսկերեն ասացվածք կա. «Մեծ քար վերցնելը չխփելու նշան է»:
 
«Յոյս» թիւ 146
18 Մայիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *