Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

 
Ռ. Ս.
 
 
Թեհրանի ապրիլի 24-ի քայլարշաւին քայլարշաւի մասնակիցները  մեծ թւով կրում էին Հրանտ Դինքի պատկերները: Ինչպէս գիտենք բոլորս, Դինքը Թուրքիայում հրատարակւող «Ակօս» թրքալեզու թերթի խմբագիրն էր, որը քաջօրէն խօսեց հայերի ցեղասպանութեան մասին, եւ այդ ճանապարհին էլ զոհւեց՝ 2007 թւականի յունւարին  թուրք ցեղապաշտ երիտասարդի ձեռքով: Սակայն, ինչ չգիտեն շատերը, եւ գիտեն ու լռութեան են մատնում շատ ուրիշները, այն է, որ Դինքի մտածելակերպը ցեղասպանութեան մասին բոլորովին տարբեր էր, Թեհրանի քայլարշաւը կազմակերպողների տեսակէտներից: Միայն կարդացէք այս մի քանի տողը.
 
 
«Իհարկէ ես լաւ գիտեմ ինչ է անցել իմ նախնիներին: Ոմանք դա անւանում են «սպանդ», ոմանք «ցեղասպանութիւն», ոմանք «բռնագաղթ», միւսները «աղէտ»: Իմ նախահայրերը դրանք կոչում էին «կոտորած», դրա անատոլական բառը… ես գերադասում եմ այն անւանել «ջարդ»: Եւ ես գիտեմ, որ եթէ չլինէին նման ջարդեր, այսօր իմ երկիրը աւելի բնակելի տեղ կը լինէր, աւելի նախանձելի վայր ապրելու համար:
Ես անհանգստանում եմ, երբ տեսնում եմ իմ պատմութիւնը կամ իմ ներկայի խնդիրները Եւրոպայում կամ Ամերիկայում մի տեսակ կապիտալ են դառնում որոշների ձեռքում: Ես այս բոլոր համբիւրների ներքոյ ինչ-որ անարգանք եւ պղծում եմ զգում: Ես այլեւս չեմ ընդունում այն իմպերիալիզմի անազնիւ դատաւորի դերը, ոչ էլ որեւէ պառլամենտի կամ որեւէ պետութեան:
Ես յատկապէս սպասում եմ այն օրւան, երբ Թուրքիան եւ Հայաստանը կը կարողանան հանգստութեամբ խօսել ամէն բանի մասին եւ շտկել ամէն բան, երբ ես կը կարողանամ երեսս դարձնել դէպի անկապ երրորդ անձնաւորութիւնների եւ ասել. «Հիմա դուք զբաղւէք ձեր հարցերով»:
 
«Յոյս» երկշաբաթաթերթ,
համար 48, «Խոհեր 90-ամեակի առիթով», էջ 11
 
 
Մի խօսքով, նա չէր պնդում, որ անպայման պիտի ասել «ցեղասպանութիւն» եւ հասկանում էր, որ «իր պատմութիւնը» կարող է կապիտալ դառնալ մեծ պետութիւնների ձեռքում:
Կամ կարդացէք այս մէկը.
 
 
Ես գիտեմ իմ իրականութիւնը, պատմութիւնը, գիտեմ` շալկել եմ պապերուս գլուխէն անցած այդ ցաւը եւ չեմ հաւատար ոչ Ֆրանսիայի, ոչ Գերմանիայի, ոչ միւսին, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցը նոյն ատեն չեն գործածեր, չեն շաՀագործեր իրենց քաղաքականութեան Թուրքիոյ հետ ունեցած մարզին մէջ: Ես այդ տեսակէտէ տարբեր մտածող մէկն եմ եւ նոյն ատեն թուրքերու հետ երբ կը խօսիմ, անոնցմէ ալ բան մը չեմ սպասեր, ես միայն կը ջանամ, որ իրենք իրականութիւնը գիտնան, իմ ջանքս ատիկա է: Իրենք իրականութիւնը գիտնան եւ իրենց խիղճը թող խօսեցնեն, կը խօսեցնե՞ն` իրենց օգուտ է, ինծի բան մը պիտի չաւելցնեն»:
 
Հայ դատն այսօր,
չորրորդ համաժողով, Թեհրան, 2006
Յօդւածաների ժողովածու, էջ 84
 
 
Կարելի է կողմ կամ դէմ լինել Դինքի տեսակէտներին, բայց չի կարելի հերքել, որ նրա ռազմավարութիւնն այլ էր: Նրա համար ցեղասպանութեան հարցի լուծումը հնարաւոր էր Թուրքիայում ժողովրդավարութեան հաստատումով եւ թուրք ժողովրդի ու մտաւորականութեան հետ երկխօսութեամբ, ոչ թէ ցեղասպանութեան ճանաչման հարցը այս պառլամենտից միւսը տանելով, իւրաքանչիւր ճանաչում մեծ յաղթանակ յայտարարելով, եւ Օբամայի վրայ ճնշում բանեցնելով, որ գործածի ցեղասպանութիւն բառը: Դինքը պարզամիտ էր, թէ՞ իրատես, կարելի է վիճել այդ մասին, բայց ինչ-որ անազնւութիւն կայ այնպիսի վերաբերմուքի մէջ, որ նրա անունը շահագործում է մի ուղղութեամբ, որին դէմ էր նա:
Ապրիլի 25-ին Թեհրանում ԻԱՄՄ-ն կազմակերպել էր դասախօսութիւն Դինքի տեսակէստների քննարկման թեմայով:  Ռուբիկ Սարդարեանը ելոյթ ունեցաւ այդ մասին: Այդ ելոյթը կարող էք կարդալ յաջորդ էջերում: Այսպիսի թեմայի շուրջ քննարկում ի՞նչ է նշանակում: Արդեօք կարելի՞ է եզրակացնել, որ ԻԱՄՄ-ն կամ իրանահայ որոշ մտաւորականներ, սկսել են խորհել նոր ռազմավարութիւնների մասին, եւ այսուհետեւ իրանահայ համայնքի քաղաքական դաշտը ձեւաւորւելու է լուրջ քաղաքական տարբերութիւնների շուրջ, եւ ոչ միայն «փող ուտելու»-ն ու «շէնք վաճառելու»-ն վերաբերող հարցերի: Ի վերջոյ փարատւելու՞ ենք ցեղասպանութեան հարցում միաձայնութիւնից: Դեռ շուտ է որեւէ եզրակացութիւններ կատարել:
 
«Յոյս» թիւ 146
18 Մայիս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *