Ո՞վ է լինելու Իրանի յառաջիկայ նախագահը

 
 
ի վերջոյ շաբաթ մայիսի 11-ին, Իրանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրման վերջին ժամկէտին, երկրի կարեւորագոյն ընտրական մրցակցութեանը մասնակցելու համար արձանագրւեցին Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Էսֆանդիար Ռահիմ Մաշային. երկուսն էլ ծանօթ դէմքեր իրանի իւրաքանչիւր քաղաքացու համար: Ռաֆսանջանին Իսլամական յեղափոխութեան ղեկավարներից է, երկու շրջան երկրի նախագահ եւ երկար տարիներ խորհրդարանի նախագահ: Մաշային չի վարել այդքան կարեւոր պաշտօններ, սակայն ներկայ նախագահ` Ահմադինեժադի ամենամօտ խորհրդականն ու տեղակալն է եղել եւ համարւում է նրա քաղաքականութիւնը շարունակողը: Ահմադինեժադը իր բոլոր հնարաւորութիւններով հովանաորել եւ հովանաւորում է նրան:
Ռաֆսանջանին եւ Մաշային լինելու են գալիք ընտրութիւնների գլխաւոր մրցակիցները: Նրանք ներկայացնում երկու քաղաքական ուղղութիւններ, որոնց ականատես ենք եղել որպէս իրականացւող քաղաքականութիւն: Ռաֆսանջանին ներկայացնում է իր ութամեայ նախագահութեան շրջանում իրականացրած «սազանդեգի» (կառուցողականութիւն) կոչւած տնտեսական  զարգացման համեմատաբար լիբերալ քաղաքականութիւնը եւ եթէ հաշւի առնենք, որ Մոհամմադ Խաթամին եւ բարեփոխութիւնների համակրող մի շարք քաղաքագէտները պաշտպանում են նրան, նաեւ վերջինի նախագահութեան շրջանում կիրառւած քաղաքական զարգացումը: Իսկ Մաշային, ինչ խօսք, շարունակելու է Ահմադինեժադի նախագահութեան ութ տարիների ընթացքում գործադրւած արտաքին քաղաքականութեան եւ տնտեսական ամբոխավարական ծրագրերը: Ուրեմն անտարբեր մնալ հնարաւար չէ: Իրենց ընդհանրութեան մէջ պարզ են երկու ուղիները, եւ ամէն ոք կարող է օգտւելով իր քւէարկութեան իրաւունքից, սատարի մէկ կամ միւս ճանապարհը:
Նախագահական ընտրութիւնները միաժամանակ այն բացառիկ ընտրութիւններն են, որ հայերը եւ միւս կրօնական փոքրամասնութիւնները եւս քւէարկում են որպէս երկրի քաղաքացիներ: Եթէ խորհրդարանական ընտրութիւններում նրանք քւէարկում են իրենց պատգամաւորներին, այստեղ քւէարկում են նոյն թեկնածուներին, որոնց ձայն են տալիս միւս իրանցիները: Այստեղ բնականաբար կայ նաեւ թեկնածուների դիրքորոշումների հարցը փոքրամասնութիւնների խնդիրների նկատմամբ, սակայն երկրի ընդհանուր ուղին թւում է թէ աւելի կարեւոր պիտի լինի կողմնորոշւելու համար: Յամենայն դէպս, սխալ չի լինի թեկնածուներից պահանջել, որպէսզի բացատրեն իրենց ծրագրերը փոքրամասնութիւնների հարցերի բնագաւառում:
Ո՞վ է լինելու Իրանի յառաջիկայ նախագահը: Հարց, որի պատասխանը կախւած է Իրանի իւրաքանչիւր քաղաքացու ձայնից:
 
«Յոյս» թիւ 146
18 Մայիս 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *