Խոհեր 90 -ամեակի առիթով

 
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
 
Ես Թուրքիայի քաղաքացի եմ … Ես հայ եմ … եւ մինչեւ ոսկորներիս խորքը, անատոլցի: Երբեւէ, անգամ մի օր, չեմ մտածել այն մասին, որ թողնեմ երկիրս ու ապագաս կերտել այն «պատրաստի ազատութիւնների դրախտ»-ում, որը կոչւում է «արեւմուտք», եւ ինձ մի տզրուկի նման պարտադրել այն ժողովրդական կարգերին, որոնք ստեղծւել են ուրիշների միջոցով, ովքեր ժամանակին վճարել են դրանց համար:
Բայց իմ մտազբաղումն է եղել իմ երկիրը վերածել ազատութիւնների նման մի դրախտի: Երկրիս հետ լացեցի Սիւասի համար: Երբ ժողովուրդս պայքարում էր աւազակախմբերի դէմ, ես էլ նրանց կողքին պայքարեցի: Ճակատագիրս կապեցի երկրիս ճակատագրի հետ, երբ այն քայլում էր ստեղծելու համար իր ազատութիւնը: Այն իրաւունքները, որոնք վայելում եմ, կամ չեմ վայելում, ձրի ձեռք չեմ բերել, վճարել եմ դրանց համար, եւ դեռ վճարում եմ:
Իսկ այժմ …
Արդէն բաւ է լսել, թէ ինչպէս ոմանք մեզ շոյում են «մեր հայերը» խօսքերով, իսկ միւսները դըրդում «Ներքին դաւաճանները» տիտղոսներով: Արդէն զզւած եմ այն լուսանցքայինացնելու փորձերից, որոնց պատճառով մոռանամ, որ ես էլ մի նորմալ հասարակ քաղաքացի եմ: Զզւոմ եմ մինչեւ խեղդւելու աստիճանի գրկւելուց…
Ես երբեւէ առիթը չեմ ունեցել Ապրիլի 24-ին քայլարշաւելու, կամ յուշարձաններ բարձրացնելու նախնիներիս յիշատակին: Բայց երբեք նրանց չեմ լքել անցեալում, ոչ էլ քարացրել ներկայում: Կրել եմ «նրանց իմ կեանքում ապրելու» բեռը … եւ դրանում յաջողել եմ կարողութիւններիս սահմաններում: Եւ պայքարել եմ այն «բաների» եւ այն «մարդկանց» դէմ, որ փորձել են չթողնել ես այդ բեռը կրեմ:
Իհարկէ ես լաւ գիտեմ ինչ է անցել իմ նախնիներին: Ոմանք դա անւանում են «սպանդ», ոմանք «ցեղասպանութիւն», ոմանք «բռնագաղթ», միւսները «աղէտ»: Իմ նախահայրերը դրանք կոչում էին «կոտորած», դրա անատոլական բառը… ես գերադասում եմ այն անւանել «ջարդ»: Եւ ես գիտեմ, որ եթէ չլինէին նման ջարդեր, այսօր իմ երկիրը աւելի բնակելի տեղ կը լինէր, աւելի նախանձելի վայր ապրելու համար:
Հէնց դրա համար էլ անիծում եմ բոլոր նրանց, ովքեր այդ ջարդերը պատճառ դարձան, եւ բոլոր նրանց, ովքեր ծառայեցին այդ ջարդերին: Իհարկէ ես ուզում եմ իմանալ ամէն բան, որ պատահել է պատմութեան ընթացքում, բայց ատում եմ այն անպատւութեան յատուկ տեսակը … դա ես թողնում եմ թաղւած մնայ պատմութեան մութ քարանձաւում, եւ ասում եմ. «Թող այն մնայ, ուր որ կայ, ես չեմ ուզում այն իմանալ»:
Ես անհանգստանում եմ, երբ տեսնում եմ իմ պատմութիւնը կամ իմ ներկայի խնդիրները Եւրոպայում կամ Ամերիկայում մի տեսակ կապիտալ են դառնում որոշների ձեռքում: Ես այս բոլոր համբոյրների ներքոյ ինչ-որ անարգանք եւ պղծում եմ զգում: Ես այլեւս չեմ ընդունում այն իմպերիալիզմի անազնիւ դատաւորի դերը, ոչ էլ որեւէ պառլամենտի կամ որեւէ պետութեան:
Ճշմարիտ դատաւորը ժողովուրդն է եւ նրա խիղճը: Իմ գիտակցութեան համաձայն, որեւէ իշխանութեան կամ որեւէ պետութեան խիղճը, չի կարող մրցել ժողովրդի խղճի հետ: Ես միայն ուզում եմ, որ Թուրքիայում իմ սիրելի ընկերների հետ խօսենք մեր ընդհանուր անցեալի մասին ամենահամակողմանի ձեւով եւ առանց դրդելու որեւէ տեսակի թշնամանք:
Սրտիս խորքից հաւատացած եմ, որ մի օր բոլոր թուրքերն ու հայերը կարող են այս հարցի մասին խօսել իրենց մէջ: Ես յատկապէս սպասում եմ այն օրւան, երբ Թուրքիան եւ Հայաստանը կը կարողանան հանգստութեամբ խօսել ամէն բանի մասին եւ շտկել ամէն բան, երբ ես կը կարողանամ երեսս դարձնել դէպի անկապ երրորդ անձնաւորութիւնների եւ ասել. «Հիմա դուք զբաղւէք ձեր հարցերով»:
Աշխարհի հայերը պատրաստւում են  նշելու 1915-ի 90 ամեակը: Թող այդպէս լինի: Դա նրանց իրաւունքն է:
Վերի խօսքերը ձեր համեստ ծառայողի մտքի վիճակն են արտացոլում, որն յանձնում է ձեր ուշադրութեանը:
 
«Յոյս» թիւ 48
22 Ապրիլ 2009

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *