Աղաւնու նման

 
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
 
Հրատարակւել է «Ակօս»-ում, 2007 թւականի Յունւարի 22-ին, նոյն օրն, ինչ Դինքն ահաբեկւեց:
 
Պարզ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին ինձ օտարացնել, թուլացնել եւ անպաշտպան դրութեան մատնել, հասել են իրենց նպատակին: Հէնց այս րոպէին նրանք ստեղծել են պատկառելի քանակութեամբ մարդկանցից կազմւած մի շրջանակ, որոնք, իրենց հրամցւած կեղտոտ եւ սուտ տեղեկութիւնների հիման վրայ, ինձ համարում են մէկը, «որ անարգել է թրքական ինքնութիւնը»:
Համակարգչիս յիշողութիւնը լիքն է այս շրջանակի մարդկանց կատաղի եւ սպառնալի պատգամներով:
(Թոյլ տւէք ասեմ, որ դրանցից մէկը, որ ուղարկւել էր Բուրսայից, համարեցի որպէս լուրջ սպառնալիք եւ յանձնեցի հանրային դատախազութեան գրասենեակ, սակայն ոչ մի արդիւնք):
Այս սպառնալիքները ինչքանո՞վ են իրական եւ ինչքանո՞վ անիրական: Դինքի համար անհնարին է իմանալ:
Իրական սպառնալիքը, որն անտանելի է ինձ համար, դա իմ հոգեկան տանջանքն է:
Այն հարցը, որ անդադար մտատանջում է ինձ, սա է. «Այս մարդիկ հիմա իմ մասին ի՞նչ են մտածում:»
Դժբախտաբար այս օրերին ես բաւականին ճանաչւած եմ, եւ կարող եմ զգալ մարդկանց հայեացքները, որ կարծես միմեանց ասում են. «Նայիր, դա այդ հայը չէ՞»:
Եւ որպէս բնազդական հակազդեցութիւն, սկսում եմ ինքն ինձ տանջել:
…Նմանում եմ մի աղաւնու:
Աղաւնու պէս աչքերս ամէն տեղ գործում են: Նայում եմ աջս, նայում եմ ձախս, ետեւս, առջեւս:
Գլուխս պտտում եմ աղաւնու գլխի պէս … եւ այնքան արագ, որ ոչ մի վայրկեան չկորցնեմ:
 
Մտիկ արէք թէ գինն ինչ է … սա է գինը
Արտգործնախարար Աբդուլլահ Գիւլն ի՞նչ է ասում, Արդարադատութեան նախարարն ի՞նչ:
«Յօդւած 301-ի հարցը չպիտի չափազանցնել: Կա՞յ մէկը, որ դրա համար դատապարտւած ու բանտ ընկած լինի»:
Կարծես մի բանի համար վճարել միայն նշանակում է բանտ նստել:
Մի նայէք գնին: Սա է գինը: Արդեօք, դուք՝ նախարարներ, գիտէք ի՞նչ է նշանակում մէկին բանտարկել մի աղաւնու վախւորածութեան դրութեան մէջ: Գիտէ՞ք:
Երբեւէ նայե՞լ էք աղաւնիներին:
 
«Մահւան ու կեանքի հարց» կոչւածը
Գլխիս եկածը հեշտ գործընթաց չի եղել, ո՛չ իմ, ո՛չ էլ ընտանիքիս համար:
Եղել են ժամանակներ, երբ լուրջ մտածել եմ թողնել երկիրը: Յատկապէս այն ժամանակները, երբ սպառնալիքներն ուղղւած են եղել հարազատներիս դէմ: Այս րոպէներին ես ինձ ճարահատ եմ զգացել:
«Մահի ու կեանքի հարց» կոչւածը այսպիսի բան պիտի լինի: Ես կարող էի իմ կամքի ռազմիկը լինել, բայց իրաւունք չունէի հարազատներիս կեանքը վտանգի մատնել:Ես կարող էի ինքս ինձ համար հերոս լինէի, բայց իրաւասու չէի քաջագործութիւններ գործել օտարի, ինչ մնաց հարազատներիս, կեանքի գնով:
Ճարահատութեան այսպիսի րոպէներին, ապաստանում էի ընտանիքիս ու երեխաներիս: Այնտեղ էի գտնում ամենամեծ հովանաւորութիւնը: Նրանք ինձ վստահում էին:
Նրանք ինձ հետ կը լինէին, ուր էլ որ գնայի:
Երբ ասէի՝ «գնանք», կը գային, երբ ասէի՝ «մնանք», կը մնային:
 
Մնալ ու դիմադրել
Բայց եթէ գնալու լինէինք, ո՞ւր պիտի գնայինք:
Հայաստա՞ն:
Բայց իմ նման անհամբեր մէկը արդարութեան վերաբերող հարցերում, ինչպէ՞ս կարող էր անարդարութիւնը հանդուրժել: Արդեօք ես այնտեղ ինձ դժւար դրութեան մէջ չէ՞ի գտնի:
Գնալ ու ապրել եւրոպական երկրներում եւս իմ ոճը չէր:
Ես ինձ լաւ եմ ճանաչում: Երեք օր արտասահմանում եմ, եւ կարօտում եմ երկրիս: Ի՞նչ պիտի անեմ այնտեղ:
Հանգստութիւնը ինձ անհանգստութիւն է պատճառում:
Թողնել «եռացող դժոխքներն» ու գնալ «պատրաստի դրախտներում» ապրել՝ դա ես չեմ կարող հասկանալ:
Մնալ եւ շարունակել ապրել Թուրքիայում. դա մեր իրական ցանկութիւնն էր, եւ մեր յարգանքի տուրքը մեր բոլոր ծանօթ եւ անծանօթ ընկերներին, որոնք մասնակցում էին Թուրքիայի ժողովրդավարութեան պայքարին եւ պաշտպանում էին մեզ:
Մենք որոշեցինք մնալ եւ դիմադրել:
Յամենայն դէպս, եթէ մի օր պիտի գնայինք, կը գնայինք 1915-ի պէս … մեր նախնիների նման … առանց իմանալու, թէ ուր ենք գնում, քայլելով նոյն ճանապարհների վրայ, ուր նրանք էին կտրել, զգալով նրանց ցաւն ու տառապանքը …
Այսպէս մենք կը լքէինք մեր երկիրը: Եւ մենք չէինք գնայ, ուր մեր սիրտն էր ուզում, այլ ուր մեր ոտներն էին գնում: Ուր, որ լինէր:
 
Վախեցած բայց ազատ
Յոյս ունեմ երբեք ստիպւած չենք լինի նման լքումի: Բաւականին յոյս ունենք եւ պատճառներ ունենք, որ պարտաւորւած չենք լինի այդպիսի բան ապրել:
Ես հիմա դիմել եմ Եւրոպայի մարդու իրաւունքների դատարան:
Չգիտեմ այդ գործը քանի տարի կը տեւի:
Այն ինչ գիտեմ, եւ մի քիչ ինձ սփոփում է, այն է, որ մինչեւ գործի աւարտը կը շարունակեմ Թուրքիայում ապրել:
Երբ դրական վճիռն յայտարարւի, ես վստահաբար աւելի երջանիկ կը զգամ ինձ, եւ դա կը նշանակի, որ ես երբեք պարտադրւած չեմ լինի երկիրս թողնել:
Հաւանաբար 2007-ը աւելի դժւար տարի կը լինի ինձ համար:
Դատավարութիւնները կը շարունակւեն, նոր հայցեր կը բարձրացւեն դատարաններում: Ո՜վ գիտի, ինչպիսի անարդարութիւնների դիմաց կը կանգնեմ ես:
Բայց ամէն ժամանակ հետեւեալը ես իմ երաշխիքը կը համարեմ:
Այո, ես ինձ մի աղաւնու պէս անհանգիստ եմ զգում, բայց միաժամանակ գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղաւնիների հետ գործ չունեն, նրանց չեն խանգարում:
Աղաւնիները շարունակում են ապրել քաղաքների մէջտեղում:
Այո, իրօք մի քիչ վախեցած, բայց միաժամանակ ազատ:
 
«Յոյս» թիւ 48
22 Ապրիլ 2009
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *