Հրանտ Դինքի ողբերգական մահը

 
ՌՈՆԱԼԴ ԳՐԻԳՈՐ ՍԻՒՆԻ
 
… Տասնմէկ տարի Դինքը խմբագրել էր «Ակօս»-ը, փոքր տպաքանակով մի օրաթերթ, որը թէեւ ունէր միայն 6000 բաժանորդագիր, դրա արձագանքը նմանում էր զանգակի ձայնին լուռ գիշերում: 2006-ի Փետրւարին, «Լրագրողներին պաշտպանող յանձնախմբի» հետ հարցազրոյցի ժամանակ նա ասաց. «Հետապնդումները ինձ չեն զարմացնում: Նրանք ուզում են ինձ դաս տալ, քամի որ ես հայ եմ: Նրանք աշխատում են ինձ լուռ պահել»: Իսկ երբ նրան հարցրին, թէ «նրանք» ովքեր են, նա Թուրքիայի ընդդիմութեան անդամներից շատերի պէս պատասխանեց. «Թուրքիայի Խորը պետութիւնը», մատնանշելով այն խաւարամիտ ուժերին երկրի ռազմական ուժերի եւ … նախարարութիւնների մէջ, ինչպէս նաեւ ազգային տարրերի, որոնցից նոյնիսկ Էրդողանի մեղմ իսլամական կառավարութիւնը պիտի վախենայ:
Դինքի մահւան պարադոքսը այն է, որ սպանւել է հայրենասիրութեան նեղ հասկացողութեան հիման վրայ, մինչդեռ ինքը եռանդուն թրքական ազգային էր:Նրա պատկերացումը իր երկրի մասին մոդեռն ժողովրդական հանդուրժողական երկիր էր՝ Եւրոպայի արեւելեան եզրին, ուր իր ժողովուրդը՝ հայերը, կարող էին ապրել թուրքերի, քուրդերի, հրեաների, յոյների եւ այլ ժողովրդների կողքին, ովքեր գոյակցել էին, թէեւ մեծ դժւարութիւններով, այն կոսմոպոլիտ կայսրութեան սահմաններում, որից դուրս էր եկել Թուրքիայի հանրապետութիւնը: Այն ինչ նա չէր կարողանում հանդուրժել, այս ժողովրդների ընդհանուր պատմական անցեալի հերքումն էր, մի պատմական անցեալ, որի մասն էր կազմում հայերի կոտորածները եւ մեզ աւելի մօտ ժամանակներում, քրդերի հալածանքը: Դինքը ակտիւօրէն մասնակցում էր Թուրքիայի կենսական քաղաքացիական հասարակութիւնում, որի կարեւորագոյն անդամները հայկական ցեղասպանութեան հարցը բարձրացրել են որպէս մի opening wedge հետաքննելու համար Թուրքիայի անցեալի մութ կէտերը: Նա մասնակցում էր այն միջազգային ժողովներին, ուր Հայ եւ թուրք գիտնականները ուսումնասիրում էին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «երիտասարդ թուրքեր»-ի կառավարութեան քաղաքականութիւնների պատճառներն ու հետեւանքները: Անցեալ տարի նա ելոյթ ունեցաւ այս թեմայի մասին մի թրքական գիտաժողովում Ստամբուլի Բիլգի համալսարանում, որը մի անկիւնադարձային հանդիպում էր եւ պարզապէս վախեցրեց այն թուրք ազգայիններին, որոնք ուզում են անցանկալի անցեալը ընդմիշտ թաղել:
Թէեւ նա անչափ շահագրգռւած էր հարց բացել ճիշտ հէնց 1915-ի մասին, բայց աւելի շատ հետաքրքրւած էր թրքական ժողովրդավարութեամբ, քան հայկական ջարդերի՝ որպէս ցեղասպանութիւն, միջազգային ճանաչման հարցով: Նա համոզւած էր, որ Թուրքիայի ժողովրդավարութիւնը հեշտութեամբ կը լուծէր այդ պատմական հարցը: Որոշ սփիւռքահայերի համար, որոնք թուրքերին շատ աւելի քիչ են ճանաչում քան Թուրքիայում ապրող իրենց հայրենակիցները, Դինքի մօտ այս հարցի նկատմամբ ֆանատիզմի բացակայութիւնը նրան դարձնում էր կասկածելի, թէեւ միւս կողմից նրա բաց արտայայտութիւնները պաշտօնական արգելումներով հանդերձ, նրա շուրջ ստեղծում էր հերոսական աուրա:
 
Աղբիւր՝ Յունւար 22, 2007 /«Նէյշըն» թերթ
 
Ռոնալդ Գրիգոր Սիւնին Միշիգանի համալսարանի հասարակական եւ քաղաքական պատմութեան ամբիոնի դասախօս է, եւ այդ բնագաւառում մի շարք գրքերի այդ թւում «Նայել դէպի Արարատ՝ Հայաստանը ժամանակակից պատմութիւնում»-ի (1993) հեղինակ:
 
 
«Յոյս» թիւ 48
22 Ապրիլ 2009
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *