Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

 
 
Ապրիլի 15-ին Միացեալ նահանգների Բոստոն քաղաքում կազմակերպւած էր միջազգային մարաթոն վազքի մրցութիւն, որին մասնակցում էին հազարաւոր մարդիկ` սկսնակներ (ամաթորներ), ինչպէս նաեւ պրոֆեսիոնալ (արհեստավարժ) մարզիկներ: Սակայն մասնակիցներից շատերի համար մրցութիւնը աւարտի չհասաւ: Երկու ահարկու պայթիւններից դղրդաց քաղաքը, սպանւեցին 3 մարդ, իսկ վիրաւորւեցին հարիւրաւորներ:
Յառաջիկայ օրերում ոստիկանութիւնը պաշտօնապէս յայտարարում է ահաբեկչութիւնն իրականացնող կասկածեալների անունները` ազգութեամբ չեչեն երկու եղբայրներ` Թամերլան եւ Ջոհար Ցառնաեւները, որոնցից առաջինը` Թամերլանը մահացաւ ոստիկանութեան հետ փոխհրաձգութեան ժամանակ, իսկ Ջոհարը կալանաւորւել ու պարանոցի հրազէնային վնասւածքով հիւանդանոցում է գըտ-նըւում: Կրտսեր եղբայրը չի կարողանում խօսել եւ գիտակցութեան գալուց յետոյ գրաւոր ձեւով պատասխանել է ոստիկանութեան հարցերին: Ոստիկանութիւնը նրան հարցաքննում է, համագործակցողների, միջազգային կապերի եւ հաւանական ահաբեկչական այլ գործողութիւնների մասին:
Բոստոնի մարաթոնի ահաբեկչութիւնն իր մարդկային ողբերգական բնոյթից բացի կրկին բարձրացրեց Միացեալ Նահանագների եւ  ժամանակակից համայն աշխարհին հետաքրքրող հարցեր:
Առաջին. արդեօք Բոստոնի գործողութիւնն իրականացնողները պատրաստւած ահաբեկիչնե՞ր էին եւ կատարում էին միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների, ինչպէս ալ Ղայիդայի, հրամաննե՞րը: Գործողութեան համեմատաբար ամաթոր ոճը եւ նրանց արագ ձերբակալումը, ինչպէս նաեւ այն իրողութիւնը, որ նրանք Ամերիկայում մեծացած եւ Բոստոնի բնակիչներ էին եւ ոչ թէ արտասահմանում դաստիարակւած եւ այնտեղից գործուղւած արհեստավարչ ահաբեկիչներ, խօսում են այն մասին, որ Ամերիկան պիտի  որպէս մի աղէտ իր ներքին խնդիրը համարի եւ ըսդ այնմ վերլուծի: Թամերլանը (Թէյմուր լանգ, Կաղ Թէմուր) եւ Ջոհարը, յատկապէս առաջինը` մեծ եղբայրը (26 տարեկան) իսլամական ֆունդամենտալիստ հոսանքների ազդեցութեան տակ են եղել եւ ըստ հաղորդումների, մի անգամ անցեալում ռուս հետախուզական ծառայութիւնները նրա գործով կապւել են Ամերիկայի պատկան մարմինների հետ: Սակայն, սա Ամերիկայի եւ ընդհանրապէս արեւմտեան հասարակութիւնների խնդիրն է, թէ ոնց են ուզում կարգաւորել իրենց մուսուլման բնակչութեան ինտեգրացիայի եւ ընդհանրապէս էթնիկ փոքրամասնութիւնների հարցը: Բոստոնի դէպքը այս ընդհանուր հարցի միայն  մասնակի դրսեւորումն էր:
Երկրորդ. լրատւամիջոցների հարցն է: Մի կողմից ողջ աշխարհը հնարաւորութիւն ունեցաւ կենդանի, ուղիղ եթերով հետեւել կասկածեալների հետապնդման եւ կալանաւորման գործողութիւնները, միւս կողմից այն գրաւեց անհամեմատ մեծ լրատըւական ուշադրութիւն: Նոյն օրը տարբեր վայրերում սպանւեցին աւելի մեծ թւով մարդիկ (Աֆղանստանում 8 մարդ, Պակիստանում՝ 1, Իրաքում՝ 31), որոնց մասին սակայն, ոչ մի լրատւութիւն: Այսպիսի խտրական մօտեցում մարդկային ողբերգութիւնների նկատմամբ, նւազագոյնը ապացուցում է այն, որ ասենք Իրաքում եւ Պակիստանում բնական է համարւում մարդկային կորուստները, իսկ Ամերիկայում արտառոց եւ ողբերգական: Այլ խօսքով, ժամանակի ըմթացքին լրատւամիջոցները ունակ են բթացնել մարդկանց զգայնութիւնը աշխարհի որոշ շրջաններում կատարւող մարդկային աղէտների նկատմամբ,  անընդհատ ցուցադրելով հեռուստատեսութեամբ եւ մի տեսակ «բնական» դարձնելով դրանք:
 
 
Լրատւական ՄաՐդորս
 
Ռ. Ս.
 
 
Բոստոնի արւարձանում Վաթերթաուն քաղաքը ողողղւած է հրացանները ձեռքներն առած ոստիկաններով,որոնք մտնում են մարդկանց տները կամ շարքով տներից դուրս գալիս կամ քառուղիներում պատրաստ կանգնած զննում են շրջակայքը, ինչ-որ վը-տանգաւոր կասկածեալի համար: Յայտարարւած է մարդիկ մնան իրենց տներում, որպէսզի ոստիկանութիւնը կարողանայ գտնել Բոստոնի մարաթոնը հրի եւ արեան մատնած 19-ամեայ  չեչեն երիտասարդին: Իսկ ի վերջոյ նրան գտնում են այս մեծածաւալ գործողութիւններից անկախ, բոլորովին տարբեր ձեւով: Վաթերթաունի բնակիչներից մէկը ոստիկանութեանը տեղեկացնում է, որ իր բակում տեսել է արեան հետքեր: Դա ոստիկանութեանն առաջնորդում է բակի մի կողմում գտնւող նաւակը, ուր եւ ապաստանել էր վիրաւոր կասկածեալը: Նրան փոխադրում են հիւանդանոց, սակայն պարզւում է, որ նա առայժմ խօսել չի կարող, քանի որ վնասւածք է ստացել կոկորդից:  Ողջ Ամերիկան հեռուստատեսութեան ուղիղ եթերով եւ ինտերնետային կայքերով հետեւում է այս գործողութիւններին, որը նմանում է հոլիւուդեան ֆիլմերին եւ վիդէօ- խաղերին:
Այսպիսի մեծ քանակութեամբ զինւած ուժ անհրաժե՞շտ էր միայն մի վիրաւորւած պատանու կալանաւորելու համար : Ի հարկէ հասկանալի է, որ այդ ժամանակահատւածում իրաւապահ ուժերի համար հաստատ պարզ չէր, որ կասկածեալը միայն մի վիրաւոր պատանի է: Դեռ չի մոռացւել  Սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան ահաւոր դէպքը եւ նմանատիպ պայթիւնների կրկնութեան վտանգը: Սա հասկանալի: Բայց մարդորսի նման գործողութիւններ յաճախ կատարւում են աւելի թաքուն: Որոշ զեկոյցների համաձայն, ոստիկանութիւնը ահազանգել է ԶԼՄ-ներին, որ նման  յարատեւ ու մանրամասն լրատւութին կարող է օգնել կասկածեալների փախչելուն: Սակայն զուր:
Մեր օրերում ցանկացած խոշոր դէպք, լրատւական երեւոյթ է: Լրատւամիջոցներն են որոշում, թէ դա ինչքան մեծ է, ինչքան կարեւոր: Այս դէպքում, լրատւամիջոցները թոյլ են տւել տեղեկատըւական սխալներ:
Բայց չպիտի մոռանալ, որ լը-  րատւամիջոցներին նիւթ է հար-կաւոր, հակառակ դէպքում նը-րանք այդպէս էլ ամենակարող չեն: Մեր դէպքում, եթէ կառավարութիւնը քաղաքը չհեղեղէր իրաւապահ ուժերով, նոյնիսկ տանկերով և ուղղաթիռներով, լրատւամիջոցները  չէին   կարող  նման «իրական-Ֆիլմ» ցուցադրել: Կառավարութիւնը ուզել է ժողովըրդին վստահութիւն տալ, որ նման ահաբեկչութեան նկատմամբ հակազդելու է ամենալուրջ կերպով: Սա, մի գուցէ իրեն վտանգւած զգացող ամերիկացի քաղաքացու վրայ հէնց այդ ազդեցութիւնն է ունեցել, սակայն  դէպքին հեռւից  հետեւող հանդիսատեսին յուզել է որպէս անհաւասար առճակատման օրինակ` մի կողմում հազարաւոր զինւած մարդ, միւս կողմում նաւակի անկիւնում ապաստանած մի վիրաւոր երիտասարդ մեղադրեալ: Չեչեն եղբայրների հրապարակւած լուսանկարները, որոնցում նրանք չեն տարբերւում փողոցում քայլող հազարաւոր անմեղ տղաներից, աւելի է ընդ-գծում նման համեմատութիւն:
Ի հարկէ, յիշենք նաեւ, որ ամերիկեան լրատւամիջոցները մեծամասնաբար խուսափել են այս առիթով քէն ու ատելութիւն տարածելուց: Նրանք մեծամասնաբար պահանջել են Ջոհար Ցառնաեւին տրւի իրեն պաշտպանելու օրէնքով սահմանւած հնարաւորութիւն:
 
«Յոյս» թիւ 145
4 Մայիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *