Բարձիդ տակին ի՞նչ կայ

 
ՇԱՄԻՐԵԱՆ
 
 
Խնձո՞ր, թաշկինա՞կ, թէ՞… Խնձորը շատ լաւ է. ասում են ով ամէն գիշեր խնձոր ուտի, բժշկի չի գնայ: Առասպելը, սակայն ասում է, որ մարդկութեան մահկանացու դառնալու մեղքը Եւա մայրիկի` Ադամ պապիկին տւած խնձորի, Աստծու պատւիրանը մոռացած՝ խնձորը ագահօրէն խժռելու, սատանայից գայթակղւած լինելու եւ… , դրախտից վտարւելու  պատճառ է եղել, այնպէս որ չարժէ խնձորը դնել բարձի տակ. կերէք եւ ձեր ամուսիններին այլ բան առաջարկէք:
Խնձորը համով միրգ է՝ մարմնական սնունդ, իսկ մենք եւ դուք մտածում ե՞նք հոգեւոր սննդի մասին: Հաւանաբար մտածում ենք, քանի որ ընթերցում ենք այս տողերը:
Հին ժամանակներում, երբ դեռ չկային այսօրւայ համակարգչային ու համացանցային հնարաւորութիւնները, ուրիշները չգիտեմ, բայց հայերը յատկապէս բարձի տակ պահում էին ՆԱՐԵԿ:
Հիմա մեր երիտասարդներին եթէ հարցնենք, թէ ինչ է Նարեկը, զարմացած կը նայեն քեզ ու կասեն.- «Տղի անուն ա», բայց թէ երբ Նարեկը դարձաւ անձնանուն, չգիտեն, դէ, ես էլ չգիտեմ:
Մեր մամիկներն ու պապիկները իրենց բարձի տակ Նարեկ էին պահում, (դնում էին նաեւ հիւանդների գլխի տակ, հաւատալով, որ այն ի զօրու է ապաքինել), Նարեկը՝ Գրիգոր Նարեկացու՝ միջնադար-եան ճգնաւորի «Մատեան ողբերգութեան» գիրքն է, կամ պարզապէս ՆԱՐԵԿ:
Դուք էլ փորձէք Նարեկ պահել ձեր բարձի տակ, որպէսզի, երբ օրւայ թոհուբոհից, Թեհրանի անտանելի երթեւեկային թնջուկներից, դոլարի շարունական տատանումներից ու մթերքների օրաւուր աճող գըներից յոգնած ձեր գլուխը դնում էք բարձին, Մորփէոսի գիրկը նետւելու՝ այսինքն՝ քնելու, այդժամ Նարեկը ձեզ կը յիշեցնի իր գոյութեան մասին  եւ կօգնի ձեզ խաղաղութեամբ ննջելու, վաղւայ լուսաշող առաւօտի յոյսով:
Բարձի տակից հանեցէք Նարեկը եւ ընդամէնը մի քանի րոպէ ձեր թանկագին ժամանակից յատկացրէք Նարեկի ընթերցմանը: Բարձրաձայն ընթերցէք գրքի գլուխներից մէկը եւ ի խորոց սրտի առ Աստւած յըղեցէք ձեր ձայնը, աղօթքը՝ Գրիգոր Նարեկացու շուրթերով ու բառերով:
 
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Աստւա՜ծ փրկութեան եւ ողորմութեան,
Բուժման, նորոգման եւ առողջութեան,
Լուսաւորութեան եւ կենդանութեան,
Քաւման, յարութեան եւ անմահութեան:
Յիշի՛ր ինձ, երբ գաս արքայութեամբ քո,
Ահաւո՜ր, հզօր, բարերար, գթած եւ ամենաստեղծ,
Կենդանի, գովեալ, ամենակատար,
Մերձաւոր համայն արարածների հեծութիւններին:
Պաղատում եմ եւ ես խաչակցիդ հետ,
Որ քեզ համար ո՛չ բռնւած է եղել եւ ո՛չ էլ կապւած,
Ո՛չ խոշտանգւել է յանուն արարչիդ, ո՛չ էլ անարգւել,
Ո՛չ չարչրկւել է, ո՛չ արհամարհւել,
Ո՛չ խորտակւել է, ո՛չ էլ մահացել,
Բայց արժանի է դարձել հասնելու
Արքայութեան այն ըղձալի լոյսին,
Որն արդարների համար է միայն…
Փառաւորեցիր նրան՝ փրկութեան
Յոյս ներշնչելով իսպառ լքեալիս:
 
Ընթերցելիս հետզհետէ կըզգաք, թէ ինչպէս է Նարեկացին ձեզ իր հետ տանում վերին ոլորտներ, ուր դուք հաւանաբար սկսում էք լսել զւարթունների աստւածային մեղեդին, որոնք ձեզ են կանչում, հըմայում, հայերէն բառերի քաղցրալուր, մեղրածոր ու զարմանահրաշ փոխակերպումներով, հայոց լեզւի հազարագանձ շտեմարանի ոսկեայ, մարգարտեայ, շափիւղեայ, ագաթի ու արծաթի երանգներով, հնչիւններով ու գոյներով:
Նարեկացու առ Աստւած ուղղւած խօսքը հէք մարդու զրոյցն է իր Արարչի հետ, որը մէկ գանգատի ու բողոքի, մէկ ողորմութեան ու գթասրտութեան, մէկ փրկութեան ու զղջումի ակնկալիքով դիմում է իր Տիրոջը: Հայցում է Նրա արարչական սիրուց փըշրանքներ, Նրա գթասրտութիւնից՝ բաժին, նրա ներման յոյսը՝ սրտում, խոստովանում իր՝ ադամորդու բոլոր մեղքերը, թուլութիւնները, գայթակղութիւնները, մո-լորեալ գառի պէս սպասում Տեսանողի փրկարար ձեռքի պարզումին, որն իրեն դուրս է բերելու գայլերի որջից կամ ազատելու է կեանքի փոթորկոտ ծովի ալիքներից, մեղքի ջրերից: 
Մաքրագործւենք Նարեկով, ընթերցենք մեր սիրելիների համար ամէն գիշեր բարձրաձայն կամ մրմունջով: Մի‘ մտահոգւէք, թէ դժւար է հասկացւում, թէ կրօնական թեմա է, «ես հաւատացեալ չեմ» եւ այլն,  առարկութիւններ մի արէք, ի սէր Աստծոյ:  Նարեկը ձեզ խաղաղութիւն կը պարգեւի եւ Նարեկացու շուրթերով ձեզ կը հրամցնի հայոց լեզւի ողջ ճոխութիւնն ու պերճանքը, կը յագեցնի ձեր հոգեւոր ծարաւը եւ հպարտութիւն կը սերմանի ձեր հոգում, քանզի Եւրոպայի մշակութային վերածննդից 3 դար առաջ Հայստանի Վասպուրական նահանգի Նարեկայ վանքի ճգնաւոր Գրիգոր Նարեկացու կոթողական աշխատանքը` «Մատեան ողբերգութեան»-ը հայ դպրութեան, գրականութեան ու մշակոյթի այդ անգերազանցելի յուշարձանը՝ Նարեկը մերն է, ձերն է, ձեր բարձի տակի ամենաթանկ գիրքն է, որի նմանը չկայ պարզապէս:
Նարեկը տպագրւել է Իրանում 1992 թւականին, Վազգէն Գէորգեանի աշխարհաբար թարգմանութեան հիման վրայ, մեսրպեան ուղղագրութեամբ, «Եղիա Բաբումեան» հրատարակչական ֆոնդի միջոցներով  եւ «Նայիրի» հրատարակչութեան եւ տպարանի համագործակցութեամբ:  Գրքի ձեւաւորումը կատարել է Ռազմիկ Ամիրխանեանը :
«Մատեան ողբերգութեան»-ը տպագրւել է նաեւ պարսկերէն լեզւով` «Ֆաղաննամէյէ Գրեգուար» խորագրով,  անւանի բանաստեղծ ու թարգմանիչ, Սպահանի համալսարանի հայոց լեզւի ամբիոնի դասախօս՝  Ազատ Մաթեանի հրաշալի թարգմանութեամբ, հրատարակութեամբ «Եղիա Բաբումեան» ֆոնդի եւ «Նաշրէ Ֆարդա» հրատարակչութիւնում: Հայերէնի եւ պարսկերէնի ընթերցումը եւ համեմատումը շատ բան կը տայ ձեզ: Երաշխաւորում եմ ընթերցանութեան հաճոյքը,  մնացեալը տայ Աստւած:
Նարեկը կարող էք գտնել «Նայիրի» գրատանը:
Հեռախօս՝  88739420
 
«Յոյս» թիւ 144
20 Ապրիլ 2013

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *