Գնա՞լ, թե՞ մնալ

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
-Դեռ էստե՞ղ եք,
-Դեռ չե՞ք գնացել:
-Փողը դեռ չե՞ք լցրել:
Մեզանից շատ ուրիշներն են շտապում, մեզանից շատ ուրիշներն են շահագրգռված մեր գնալով կամ մնալով: Եւ որքան մոտենում է «Հայազ» անունով հրեական կազմակերպության կողմից նշանակված ժամկետը կամ «փողը լցնելու»  օրը, այնքան ավելանում են ամենօրյա երկխոսությունները, հավաքական զրույցները և հետզհետե փոխվում է հարցերի բնույթը՝ կրելով ավելի անձնական երանգներ: 
-Էս դոլարով բա ինչպե՞ս եք գնալու:
-Տունը չե՞ք ծախում:
-Եթե մտադիր չեք գնալու, բա ինչո՞ւ եք որոշ բաներ ծախում:
Չկարծեք նեղվում եմ մարդկանց հետաքրքրասիրությունից. ես էլ իմ հերթին այդ հարցերից շատ եմ տվել ԱՄՆ մեկնողներին ու խոստովանում եմ, ակնկալել եմ այնպիսի պատասխաններ, որոնք արտաքուստ պիտի վերջ տային գնա՞լ, թե՞ մնալ հարցին մի որոշիչ  պատասխան գտնելու և վերջնական որոշում կայացնելու հետևանքով վաղուց առաջացած՝ հոգուս խռովքին, անքնությանս ու շարունակական մտատանջությանս,  բայց ոչ: Զուր չէ, որ հիմա, երբ մոտ է ժամկետը, ամենայն պատրաստակամությամբ ու մանրամասնորեն պատասխանում եմ մարդկանց հարցերին, որպեսզի լսելով նրանց խորհուրդներն ու հորդորները՝  հավաստիանամ իմ դատողությունների ճշմարտացիության մեջ: Եթե այլ թեմա լիներ, երևի մարդիկ մի կերպ գլուխները կազատեին իմ շատախոսությունից, բայց ինչքան էլ երկարում են բացատըրություններս, ի զարմանս ինձ, զգում եմ, որ մարդիկ լսում են ամենայն ուշադրությամբ: Համոզված եմ, որ նրանք լսում են ինձ, բայց ավելի շատ մտածում են իրենց, քան իմ ճակատագրի մասին, որովհետև ես էլ նրանց նմանատիպ հարցեր տալիս՝ գլխիս մեջ եղել է միմիայն իմ երկու հոգիանոց ընտանիքի ներկա դրությունը,  մի երևույթ, որ ապացուցում է մարդկային էության ու վարքագծի մեջ մեկը մյուսին նայելու և իրարից ընդօրինակելու ոչխարային հատկանիշի առկայությունը: 
Իսկ պատասխաններն ու հորդորները մեծ մասամբ հնչում են այսպես.
-Գնացե՛ք, էստեղ մնալու տեղ չի:
 (Մեկը ասեր,- մնալու տեղ չի՝ բա դու ինչու ես մնացել):
-Ինձ լսես, ամեն ինչ ծախիր, ծախծխիր, հետո գնա, էնտեղ գնալուց հետո վերադառնալը դժվար է:
(Այսքան հեշտ ու հասարա՞կ, ընդ որում, ոչ ոք նկատի չունի այն հանգամանքը, որ «ծախելուց, ծախծխելուց» հետո, այնուամենայնիվ, այստեղ է մնում ու կուտակվում  ամսական եկամուտդ, իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում պիտի նորից վերադառնաս:  Ոչ ոք չի մտածում ծախել-ծախծխելուց հետո ինչպես փոխադրել դրամը և ուր: Բանկերով հնարավոր չէ, ազատ շուկայում տարադրամի կուրսը շատ բարձր է և հեշտությամբ չեն փոխադրում, Ամերիկայում չես կարող հաշիվ ունենալ, իմանան՝ նպաստդ կկտրեն,  լցնես հարազատիդ հաշվին՝ հարկ կգանձեն:  Ուզես չուզես, պիտի ինչ-որ տեղ ստես, ինչ-որ տեղ զբաղվես մաքսանենգությամբ, դոլարները թաքցնես և այլ բաներ, որոնք երբեք չես արել ու մեծ է մատնվելուդ հավանականությունը: Դեռ չեմ խոսում այն հոգեկան տագնապների մասին, որ ուղեկցելու են այս ողջ գործընթացի ընթացքում…): 
-Մի գնացե՛ք, էրթում եք, ի՞նչ անեք:
(Այ, սա սրտովս է…):
-Ասում են էնտեղ ծերերին լավ են խնամում:
(Չես ուզում հավատալ, որ տարիքդ արդեն առել ես և այս խոսքը քեզ էլ է վերաբերում):
 -Ա՛յ մարդ, ինչի՞ ես էդքան տատանվում, գնացեք, մի երկու տարի կմնաք, գրին-քարթը կառնեք հետ կգաք, կարևորը գրին քարթն է:
(Չեն ասում, որ էդ երազային գրին-քարթը առնելուց հետո, ԱՄն-ից մեկ ամսից ավել բացակայելու դեպքում, դադարեցնում են ծերերին հատկացված ամսական ոչ այնքան չաղլիկ նպաստի վճարումը, որով հազիվ կկարողանաս մուծել երկու ննջարանով փոքրիկ բնակարանի վարձը, և սա այն դեպքում, երբ այստեղ փառավոր ապրում ես քո սեփական բնակարանում):
Ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, որ քաղաքական ապաստանյալի անվան տակ հայերին կամ այլ փոքրամասնություններին Իրանից տանելու Հայազի գլխավոր նպատակը  փոքրամասնությունների խախտված իրավունքների վերականգնման և տիրող իրավիճակից  «փրկելու» ճիգը չէ: Անկեղծ ասած, ես սկզբից էլ չեմ հավատացել Հայազի նպատակների մարդասիրական լինելու բնույթին… Հրեական այդ կազմակերպությունը, որ հիմվել է XIX դարում, որոշ երկրներում բնակվող, հալածանքի ենթակա հրեաներին ԱՄՆ փոխադրելու առաքելությամբ, ինչո՞ւ է մտահոգված, ասենք հայերի ճակատագրով: Ըստ հավաստի աղբյուրների՝  յուրաքանչյուր քաղաքական ապաստանյալի համար ԱՄՆ-ն 5000 դոլար է վճարում Հայազին, չհաշված այն գումարը, որ գանձվում է ուղղակի իրենից՝ ապաստանյալից: Չհաշված նաև Ավստրիայում մսխվող գումարները, որոնք մեծ մասամբ մտնում են «հայազական» հրեաների գրպանը: Սա թերևս խնդրի շահադիտական կողմն  է, ոմանք էլ պնդում են, որ գործում է նաև մեր տարածաշրջանից հայաթափման ծրագիրը…
Ինչևէ, մեծ է քարոզչությունը, այնքան մեծ ու ազդեցիկ, որ երբ ստացվում է Հայազի դրական պատասխանը, մարդիկ ուրախությունից կորցնում են գլուխները… Իրականում, շատ քչերն են գնում իրենց իրավունքները ոտնահարված տեսնելու շարժառիթից  դրդված: Վերցնենք հենց մեզ. մեր գնալու ձգտումը պայմանավորված է երեխաներին մոտ լինելու, կամ շատ-շատ Թեհրանի օդի ապականությունից, մոտոցիկլետների տհաճ աղմկից  և նման բաներից ազատվելու մարմաջով: Այլապես, մեզ համար հանգիստ ապրում ենք էլի:  Չեմ ժխտում, կանանց գլխաշորն  ինքնին մի խնդիր է. դա էլ ոմանց մոտ սովորություն է դարձել, ոմանց մոտ՝ դեռ ոչ: Խմիչքն էլ արգելված է: Բայց, միթե սրանք այնքան կարևոր ազդակներ են, որ տարիների վաստակդ լցնես ջուրն ու վեր կենաս, գնաս: Ապերախտ չլինենք, ծնվել, մեծացել, կրթվել, տունուտեղ դրել, երեխա մեծացրել ու մի ամբողջ կյանք ապրել ենք այս երկրում, ծանոթ ենք երկրի օրենքներին, մշակույթին, լեզվին, ճանապարհներին, մարդկանց հոգեբանությանը,- որը նաև մերն է,- և այլ կենցաղային երևույթներին: Նոր և անծանոթ միջավայրում այս բոլորի պակասը և այս բոլորը նորովի յուրացնելն ինքնըստինքյան  մի թնջուկ է, որը հավիտյան կթողնի իր բացասական ազդեցության դրոշմը մեր հոգու վրա՝ անկախ տարիքից:
Մեր հարազատներից էլ նրանք, ովքեր Հայազի ուղեծիրով ԱՄՆ են գաղթել, ուզած պահին, գալիս են և կուտակված փողերը հավաքելով՝ գնում. ոչ մի պետական օրգան չի հարցնում ինչո՞ւ ես գնացել, ինչո՞ւ ես եկել կամ նորից ուր ես գնում, ինչ ես տանում, մի խոսքով՝ չկա մեկը, որ ասի՝ աչքիդ վրա հոնք կա: Հակառակը, պատմում են, որ ԱՄՆ-ի մաքսատնից անցնելիս, դեռ մատնահետքեր վերցնելը մի կողմ, հազար տեսակի հարց են տալիս համոզվելու համար, որ արդեն Հայազի բազմաթիվ քննություններից անցած «քաղաքական ապաստանյալը» տեռորիստ չէ ու չի սպառնում երկրի անվտանգությանը:
Այսպիսով, Հայազի առաքելության գլխավոր նպատակը կորցնում է իր բուն իմաստը. ով չգիտի, որ մարդիկ հեռանում են իրենց դարավոր օրրանից՝ հենց միայն Ամերիկա գնալու համար՝ Հայազի միջոցով գնալը համարելով «հեշտ» ճանապարհ. չէ՞ որ դա միայն կրոնական փոքրամասնությունների մենաշնորհն է, տեղացի մուսուլմանները հո չեն կարող գնալ, ինչո՞ւ չօգտվել ստեղծված պատեհությունից Ավետյաց երկիր հասնելու համար…  Չեն էլ ասում, թե ինչո՞ւ Հայազը տանում է հենց միայն Ամերիկա, և ինչու պիտի անպատճառ Ամերիկա գնալ… Ամերիկա գնալը դարձել է դոգմա, անառարկելի դրույթ, երբեմն՝ պարտադրանք, ինձ համար՝ պատուհաս… 
Բայց ես ի՞նչ գործ ունեմ Հայազի հետ: Նման մտքեր անելիս, ինձ մեղադրում եմ այն բանում, որ շատ եմ խորանում մանրուքների մեջ, ուստի ճարահատված վերցնում եմ մի ճերմակ թուղթ ու մեջտեղից ուղղահայաց գիծ նկարելով՝ փորձում եմ ամփոփել մտորումներս. աջում դնում եմ գնալու առավելությունները, ձախում՝ թերությունները, որոնք իրականում մնալու առավելություններն են, և իմ կարծիքով օբյեկտիվ գնահատականներ տալով՝ ջանում եմ հասկանալ, թե ո՞ր կողմը կհակակշռի մյուսին: Բայց,  ցավոք սրտի, այնպես էլ,  չեմ կարողանում հասնել մի վերջնական եզրակացության, թեև գործի եմ դնում միտքս՝ սառը տրամաբանելու համար, հոգիս՝ հույզերս բանտարկելու համար, մարմինս՝ առավոտյան վարժությունների շնորհիվ պատրաստ վիճակի մեջ պահելու համար, որպեսզի կարողանամ դիմանալ Թեհրան, Վիեննա, Լոս Անջելես  ոդիսականին ու  զանազան փորձություններին…
Այս բոլորից գոնե կարողացել եմ հասնել միայն մի հետևության, որ գնա՞լ, թե՞ մնալ հարցի լուծման համար հնարավոր չէ ստեղծել մի ընդհանուր ձևաչափ ու  ընդհանրացնել այն:  Ըստ իս, յուրաքանչյուր անհատ  կամ ընտանիք, լոկ սառը դատողությամբ և առանց ուրիշներին նայելու, պիտի ինքը որոշում կայացնի ճիշտ նշանաձողը ընտրելու համար: Հետեվաբար, անիմաստ են իրար տրվող բազմաթիվ հարցերն ու խորհուրդները (հատկապես ԱՄՆ գաղթած մեր հայրենակիցների կողմից), որոնք ամեն դեպքում թողնում են իրենց ազդեցությունը որոշումների վրա, թեև, այսպես թե այնպես, հնարավոր չէ փակել մարդկանց բերանները:
 
Մարտ, 2013-03-26
Թեհրան
 
ՀԳ
Չգիտեմ ինչ անուն տալ այս գրվածքին՝ հոդվա՞ծ, էսսե՞, ակնա՞րկ: Թող որ  սա լինի բաց նամակ՝ հղված իմ բոլոր ընկերներին ու ծանոթներին, ովքեր հետաքրքված են մեր գնալ-մնալով, և ասեմ, որ մնում ենք, չենք գնում, գնանք՝ կգնանք Հայաստան:
 
 
«Յոյս» թիւ 143
6 Ապրիլ 2013
 

    Tags: ,

    One Response to Գնա՞լ, թե՞ մնալ

    1. Gnel
      2013/04/29 at 8:41 PM

      Հրյաները այսպիսով տեղեկություններ են հավաքում բոլոր ազգերից բոլորին արձանագրում որպես հրյա իրենց երկարաժամկետ ծրագրերը իրականացնելու համար աշխարհը տիրակալել

    Leave a Reply to Gnel Cancel reply

    Your email address will not be published. Required fields are marked *