Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

 
ՆՈՐՎԱՆ
 
 
Փետրւարի 7-ին Երւեանում մահացաւ անւանի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանը: Նա ծնւել է 1945 թւականին Գիւմրիում եւ համարւում  է ժամանակակից հայ բանաստեղծութեան մէջ նոր արիւն ու աշխուժութիւն մտցնող գրողներից ամենանշանաւորը: Այս առիթով նրան ենք յատկացնում «Յոյս»-ի այս համարի գլխաւոր նիւթը:
 
Յովհաննէս Գրիգորեանն ու իր տաղանդաւոր սերնդակիցները (Հ. Էդոյեան, Արմէն Մարտիրոսեան, Դաւիթ Յովհաննէս, Արտեմ Յարութիւնեան, Միշէլ Փուլադեան, Ալեքսանդր Թոփչեան եւ ուրիշներ) համախմբւելով «Գարուն» ամսագրի շուրջ` նոր շունչ եւ եռանդ պարգեւեցին հայ բանաստեղծութեանը: «Գարուն» ամսագրում լոյս տեսած նրա «Աշուն» բանաստեղծութիւնը`(«Փողոցում»/ Ծառերից կախւած/ Օրօրւում են բանաստեղծները/: Դեղին ժպիտ կայ դէմքերին նրանց/ Ձեռքերին`հանգած ծխախոտ»), այնպիսի ուշադրութեան արժանացաւ, որ երկար ժամանակ քննարկւեց  ու քննադատւեց ժամանակի մամուլում: Եւ բնական է, որ տէրեանական  աշունին սովոր մարդը պիտի սոսկար տերեւների փոխարէն ծառի ճիւղերից կախւած բանաստեղծներ տեսնելով:
 
Յ. Գրիգորեանի 1986-ին հրատարակւած «Դանդաղ ժամեր» գիրքը նոր հուն բացելով հայ բանաստեղծութեան անդաստանում, որպէս եզակի ու չափազանց ինքնուրոյն գործ`փառք ու պատիւ բերեց հեղինակին ու աներկբայօրէն ազդեց իր եւ հետագայ ժամանակների գրողների վրայ: Ժողովածուի արձակ բանաստեղծութիւներն իրենց պարզութեամբ ու խորութեամբ կամուրջ հաստատեցին նոր դարաշրջանի ու նրանում պարունակւող ամէն ինչի հետ, եւ ընթերցողը այլ դիտանկիւնից հաղորդակից եղաւ իրեն ծանօթ ու հարազատ զգացմունքների` սիրոյ, զայրոյթի, միայնակութեան ու մահւան տագնապի հետ: Յատկապէս, նրան չյաջողւեց մոռացութեան մատնել` թէ’ իր եւ թէ’ աշխարհի մահւան պատկերը, քանի որ բանաստեղծը իւրաքանչիւր բջիջով ապրում էր կեանքին իր առօրէական, դանդաղ հեւքով եւ մոլեգին փոփոխութիւններով ու տագնապներով հանդերձ, գտնելով, որ թէեւ աշխարհը միշտ չէ, որ լաւն է, բայց բարեբախտաբար կայ երազանքն ու երազելու արւեստը:
 
(«Միայնակ ծառի ճիւղին/ նստեց մի թռչուն/: Եւ երգեց թռչունը/ արեւի մասին,/ անձրեւի մասին/, կապոյտ երկնքի/, պայծառ ու խաղաղ/ օրերի մասին/… Այնքան անուշ ու/ անկեղծ էր երգը/, որ չդիմացաւ ծառը ու/ ծաղկեց/):
 
Յ. Գրիգորեանը նորարար բանաստեղծ է ոչ միայն լեզւական հնարաւորութիւնների նորովի օգտագործմամբ, այլ` աշխարհին  ու մարդկանց ուղղւած իր դիտանկիւնով, որի արդիւնքում շօշափելի ու ըմբռնելի են դառնում նոյնիսկ ամենաբարդ թւացող խնդիրներն ու երեւոյթները: Նա վարպետօրէն անակնկալ  աւարտ է հաղորդում իր անաւարտ բանաստեղծութիւններին, դրանք համեմելով դառը երգիծանքով («Վերջին հեքիաթ» եւ այլն):
 
Իրարայաջորդ ու շարունակական տողերի ու մոտիւների կապի բերումով բանաստեղծութիւնը կուռ կառուցւածք է ստանում, տողերն ու պարբերութիւնները միմեանց հիւսւում են ոչ դասական, այլ ընթերցողին անծանօթ սկզբունքով, բանաստեղծութիւնը սկսւում է անյայտ մի կէտից, շրջում ամենուրեք, թափանցում իրերի ու երեւոյթների խորքը, սուզւում բանաստեղծի անցեալում ու ներկայում եւ կանգ առնում անորոշ մի կէտում:
 
Գրիգորեանը խուսափում է ընդհանուր մտքեր, գաղափարներ ու տրամադրութիւններ արտայայտելուց եւ յաճախ խորանալով առօրեայ կեանքում` մասնակիից հասնում է ընդհանուրին, եւ նրա մօտ բանաստեղծութեան թեմաները յաճախ ծնւում են աննշան թւացող «ոչ պոէտական» փաստերից.
 
Ամէն օր սափրւել եւ լւացւել երկու անգամ:
 
Լողանալ հնարաւորին չափ շուտ-շուտ:
 
Խոզանակել ատամները:
 
Խոզանակել կօշիկները:
 
Խոզանակել վերարկուն:
 
Կարդալ         գրականութիւն:
 
Շուկայ-շաբաթւայ վերջին օրը:
 
Եւ այդ առօրեայ, աննշան թւացող թեմաների ու պատկերների տակ թաքնւած է լինում սրւած դրամատիկ վիճակ:
 
Բանաստեղծը իրականութիւնից այն կողմ փնտրում է «երկրորդ իրականութիւն» պոէտական վիճակ, եւ ազատ լինելով որեւէ նախապատրաստւած տրամադրութիւնից ու նախապաշարմունքից` առանձին պահերով է կառուցում բանաստեղծութիւնը:
 
գրիգորեանի բանաստեղծութիւնը պատկերաւոր է, որում առկայ է տեսողական գործօնը: Բանաստեղծը տրւում է խօսքի ընթացքին, պատմում է, ազատօրէն խօսում, հիանում, հիասթափւում, եւ ընթերցողն իր հերթին այդ ամէնը տեսնում ու պատկերացնում է սեփական աչքերով ու զգացողութեամբ: Նիւթի առումով կանգ առնենք «Աշնանային  փողոց» բանաստեղծութեան վրայ, նախ` բանաստեղծութիւնն ամբողջութեամբ:
 
 
Փողոցով,
 
աշնանային փողոցով
 
աշխոյժ անցնում է մի աղջիկ`
 
զարմանալի կապոյտ աչքերով:
 
 
Փողոցով`
 
-դեղնած տերեւներ փողոցում-
 
աշնանային փողոցով
 
զնգալով անցնում են տրամւայները`
 
լոյսերը պայծառ վառւած:
 
 
Փողոցում
 
աշնանային փողոցում
 
մի ծառի յենւած
 
ահա կանգնել եմ ես
 
եւ զարմանալի կապոյտ
 
երազներ եմ տեսնում:
 
Այս բանաստեղծութեան առաջին հայեացքից ոչ մի կապ չունեցող կենտրոնական  պատկերները, ոչ զարդարանք են, ոչ էլ գեղեցկախօսութիւն, այլ ամէն մի պատկեր լրացնում է նախորդին (իսկ դրանց կապող օղակը «կապոյտ» բառն է) եւ ընթերցողին թւում է ոչ թէ բանաստեղծութիւն է կարդում, այլ դիտում է երեք լուսանկար, կամ` իրար յաջորդող երեք կադր, որը ներքին զարգացումով հանդէս են գալիս որպէս մի ամբողջութիւն ու կերտում սիրային, թեմատիկ մի տեսարան` սիրոյ մասին բառ անգամ չարտայայտելով: Եւ բանաստեղծութիւնը աւարտելուց յետոյ ես միայն «հասկանում», որ քնարական հերոսի զարմանալի կապոյտ երազը հէնց նոյն  զարմանալի կապոյտ աչքերով աղջիկն է, իսկ տրամւայը նրանց բաժանող, հեռացնող առարկան:
 
Նոր ժամանակների ու մեծ քաղաքների բանաստեղծն իր թպրտացող սիրտը ափերի մէջ առած` նւիրաբերեց բոլորին, բարձրաձայնելով`«մի քիչ սէր լինէր», իսկ առանց Յ. Գրիգորեանի «Վարագոյրից այն կողմ/ բոլորովին ուրիշ աշուն է/:»
 
 
«Յոյս» թիւ 143
6 Ապրիլ 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *