«Բարեւափոխութիւն» թէ՞ յեղափոխութիւն

 
 
Հայաստանի Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, ինչպէս նախատեսւում էր, չանցան առանց ցնցումների,: Պաշտօնական արդիւնքների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսեանը ձեռք է բերել ձայների 58 տոկոսը, իսկ Ժառանգութեան կուսակցութեան ղեկավար` Րաֆֆի Յովհաննիսեանը ձայների 37 տոկոսը: Միջազգային դիտորդները յայտարարել են, որ եղել են խախտումներ, սակայն ոչ այնքան, որ որոշիչ ազդեցութիւն ունենան արդիւնքների վրայ: Սարգսեանին շնորհաւորել են աշխարհի զանազան երկրների ղեկավարները: Սակայն այլ բան է մտածում Րաֆֆի Յավհաննիսեանը: Նա յայտարարել է, որ ժողովուրդը իրեն է ընտրել նախագահ: Մեծ թւով մարդիկ էլ, ըստ երեւոյթի, համաձայն են նրա հետ: Նա ընտրութիւններից անմիջապէս յետոյ դիմեց Սարգսեանին, որպէսզի իրեն յանձնի իշխանութիւնը, եւ հանդիպել է նրան նախագահի նստավայրում, սակայն ինչպէս մի թերթի խորագիրն է ասում. «նրան իշխանութեան փոխարէն թէյ տւեցին»: Ու հանրահաւաքները շարունակւեցին. Երեւանում, Գիւմրիում եւ այլ շրջաններում: Դրանք գտան նաեւ իրենց անունը` Բարեւի յեղափոխութիւն կամ «Բարեւափոխութիւն»: Այն քաղաքական ուժերը, որոնք չէին մասնակցել ընտրութիւններին, քիչ թէ շատ, կամայ թէ ակամայ, պաշտպանեցին Յովհաննիսեանին: Ամենաբուռն կերպով նրան պաշպանեց Դաշնակցութիւնը: Տէր-Պետրոսեանը յայտարարեց, որ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել նախագահ, բայց, նրա ղեկավարած շարժումը խորագիր չունի: Ծառուկեանը ոստիկանութեանը զգուշացրեց, որ բռնի ուժի չդիմեն ցուցարարների դէմ:
53- ամեայ Յովհաննիսեանը, որը ծնւել է Միացեալ Նահանգներում, եւ Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք միառժամանակ պաշտօնավարել է որպէս Հայաստանի արտգործնախարար, սակայն օրօրւում է հասարակական անհնազանդութեան եւ օրէնքի սահմաններում քաղաքական պայքարի միջեւ: Նա անդրադառնալով մայիսին տեղի ունենալիք Երևանի աւագանու ընտրութիւնների մասնակցութեանը, ասել է հետեւեալը. «Եթէ չեղաւ այն լուծումը, որը պահանջում է ժողովուրդը, մենք մնացած բոլոր ընտրութիւններին մասնակցելու բովանդակութեան եւ մատուցման որոշումը կը կայացնենք դրանից յետոյ, քաղաք առ քաղաք, գիւղ առ գիւղ, ժողովուրդը վերատիրանալու է իշխանութեանը»: Նա ասել է նաեւ. «Այս պայքարը կարող է տևել մէկ օր, մէկ շաբաթ, մէկ ամիս կամ նոյնիսկ մէկ տարի: Դուք պատրա՞ստ էք այս պայքարին»:
Սակայն իշխող կուսակցութեան խօսնակը կարծես այնքան էլ համաձայն չէ շարունակական հանրահաւաքների հետ: ՀՀԿ մամուլի խօսնակ եւ ԱԺ փոխնախագահ` Էդւարդ Շարմազանովը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսեանին՝ փետրւարի 18-ի նախագահական ընտրութիւններում պաշտօնապէս պարտւած թեկնածուին շնորհավորել յաղթողին՝ գործող նախագահ Սերժ Սարգսեանին: «Այդպիսին է արևմտեան մշակոյթը, որի ազդեցութեան տակ դաստիարակւել է Րաֆֆի Հովհաննիսեանը»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Շարմազանովը:
Եղել են քաղաքական առաջարկներ: ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը ողջամիտ է համարել այն առաջարկները, որ «Ժառանգութեան» որևէ անդամ կարող է կառավարել որեւէ ոլորտ ու մաս կազմել կառավարությանը: Սակայն Յովհաննիսեանը պատրաստ է խօսել միայն Սերժ Սարգսեանի հետ: Եթէ Սարգսեանը «համազգային այս յաղթանակը ճանաչելու, այս տագնապը յաղթահարելու առաջարկ ունի», նա պատրաստ է լսել նրան, -ասել է Րաֆֆի Յավհաննիսեանը:
Այսպիսով կրկին անգամ Հայաստանը կանգնել է յետընտրական ճգնաժամի առջեւ: Յայտնի չէ ինչպէս է լուծւելու այս իրավիճակը, սակայն մի բան պարզ է. դա վկայում է մեծաթիւ ժողովրդի դժգոհութեանը եւ իշխանութիւնների նկատմամբ անվստահութեանը:
Ժ. Մ.
 
«Յոյս» թիւ 142
9 Մարտ 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *