Նովրուզը եւ հայերը

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 
Հազարամյակների ընթացքում, կապված երկնային լուսատուների շարժման հետ, առաջ են եկել օրացուցային տարբեր համակարգեր: Ներկայիս աշխարհի գրեթե բոլոր երկըրներում պաշտոնապես ընդունված է գրիգորյան օրացույցը, բացառությամբ Իրանի և մի քանի այլ երկրների:
Իրանական օրացույցը հիմնված է արևադարձային տարվա վրա, տևում է 356 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան: Իրանում հարգի է նաև լուսնային օրացույցը, որի հիման վրա նշվում են իսլամական տոները:
Իրանցիների համոզմամբ՝ գարունը տարվա առաջին եղանակն է, բնության զարթոնքը, առաջին ծիլերի տեսքով՝ նոր կյանքի խորհրդանիշը, ուստի գարնան սկիզբը տարվա առաջին օրն է, տարեգլուխը: Իրանցիների տարեմուտը կամ հիմնական տոնական օրը կոչվում է Նովրուզ. այն կազմված է երկու բառից՝ նոր օր իմաստով, ծնունդ է առել հնագույն ժամանակներում և համարվում է Իրանի գոյատևման ու անկախության կարևորագույն երաշխիքը:
Հայաստանում հնում տարվա և գարնան սկիզբը համարվել է մարտի 21-ը: 1920 թվականին երկրում նոր հասարակարգի հաստատման հետ հայերը ընդունեցին գրիգորյան օրացույցը կամ նոր տոմարը, ըստ որի՝ երեք շաբաթ ավելի շուտ են ընդառաջ գնում գարնանը: Այլ խոսքով՝ մարտի 1-ին հայերը Հայաստանում և այլուր, ողջունում են գարնան սկիզբը, թեև հյուսիսային կիսագնդում գարունը սկսվում է գարնանային գիշերահավասարի օրից՝ մարտի 21-ից ու տևում է մինչև ամառային արևադարձի օրը՝ հունիսի 22-ը: Այսպիսով, երբ Հայաստանում արդեն գարուն է, իրանահայերը իրենց իրանցի հայրենակիցների հետ ձմռան վերջին շաբաթներին են հրաժեշտ տալիս՝ սպասելով իրանական Ամանորին՝ Նովրուզին:
Կարելի է ասել, որ իրանահայերը Նոր Տարին երկու անգամ են դիմավորում, հունվարի 1-ին և մարտի 21-ին: Նոր տարվան նվիրված տոնակատարությունները էապես տարբերվում են: Ամանորին այն ավելի համապարփակ, շքեղ ու տոնական է՝ տոնածառով, Ձմեռ պապիով, խրախճանքներով, շնորհավորական մաղթանքներով ու այցերով: Նովրուզին իշխում է գարնանային տրամադրությունը, զգացվում է գարնան շունչը, որը մարդկանց սրտերը լցնում է ապագայի նկատմամբ լավատեսությամբ, նոր հույսերով: Ավելի սահմանափակ են տոնախմբություններն ու հանդիպումները: Ոմանք լրիվ անտարբեր են, իսկ որոշ հայ ընտանիքներում, սենյակի մի անկյունում, բացվում են նովրուզի խորհրդանիշը հանդիսացող ավանդական հաֆթսինի (յոթ սին, սին-ը պարսկերեն այբուբենի 15-րդ տառն է) սեղանները, որը բաղկացած են պարսկերեն ս գըրով սկսվող յոթ  համեմունքներից կամ պտուղներից՝ յուրաքանչյուրն իր խորհրդանշային նշանակությամբ:
 Իրանահայերը շնորհավորում են իրենց պարսիկ ընկերների և ծանոթների Նովրուզը, իսկ  իրար հանդիպելիս՝ պարզապես ասում են՝ «Գարունդ շնորհավոր»: 
Շնորհիվ Նովրուզի երկարատև արձակուրդի ընձեռած հնարավորությանը՝ շատ են ճամփորդությունները: Մայրաքաղաք Թեհրանն այդ օրերին դատարկվում է ավելի քան 1/3-ով: Վերջին տարիներին շատացել է իրանցիների հոսքը նաև դեպի Հայաստան, որով Հայաստանի հայերն էլ ակամա հաղորդակից են դառնում նովրուզյան տրամադրությանը:
Թե որքանո՞վ է ցանկալի կամ հաճելի Նոր տարին երկու անգամ դիմավորելը, մեկը՝ ձմեռվա կեսին, մյուսը գարնանամուտին, դժվար է ասել, բայց դա իրանահայերի մոտ վաղուց դարձել է սովորություն, «ո՞ր մեկն է ճիշտը, ո՞րը՝ սխալ» անպատասխան հարցերի ուղեկցությամբ, որ անբաժան է նրանցից  իրենց ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ Իրանից ընդմիշտ հեռանալուց հետո…
Փետրվար 13, 2013
Թեհրան
«Յոյս» թիւ 142
9 Մարտ 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *